Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ երեկոյան բացվեց անվանի գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի ծավալուն անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են վերջին 20-25 տարիներին ստեղծված ավելի քան 100 ստեղծագործություններ՝ հրաշալի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ նաև քանդակներ։
Ազգային պատկերասրահի մի քանի սրահներում ներկայացված հոբելյանական ցուցահանդեսը չափազանց տպավորիչ է և առինքնող՝ բացահայտելով գեղանկարչի թե՛ փիլիսոփայական, թե՛ գեղագիտական աշխարհն ու ժամանակի ընկալումները։
«Ազատության» հետ զրույցի ընթացում գեղանկարիչը շեշտեց, որ սա օբյեկտիվ պատճառներով հետաձգված ցուցահանդես է։
«Դա պետք է լիներ պատերազմից առաջ, դրա համար հետաձգեցինք, վիրուս եղավ, հիմա բացել ենք», - ասաց Միրզոյանը՝ շեշտելով․ - «Միայն նրանք, ովքեր մեծ կրթություն են ստանում և սիրահարված են կյանքին, նոր մի բան ստացվում է»։
Հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը 30 տարի հետո, գեղանկարիչը պատասխանեց՝ աշխարհի վրա առանձնապես մեծ կարծիք չունի, թեև լուսավոր է տեսնում։
«Էսօր ես շատ ցավով եմ ապրում, ստեղծագործում, բայց մի բանը հաստատ գիտեմ, որ պետք է ապրել», - ասաց Միրզոյանը։
Իր սերնդակից, մեկ այլ անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը օրը հրաշալի համարեց հատկապես արվեստասերների համար՝ շեշտելով՝ տասնյակ տարիներ հայ մշակույթում իր մասնակցությունն ու ներդրումն ունեցած նկարչի հրաշալի ամբողջական ցուցահանդեսն են այսօր տեսնում։
Ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը 1975 թվականից դասավանդում է Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նաև երկար տարիներ եղել է Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչը, 2014 թվականից Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչն է, 2002 թվականից մինչև 2016 թվականը եղել է Ազգային պատկերասրահի տնօրենը։
Նրա ստեղծագործությունները ներկայացված են աշխարհի տարբեր քաղաքների ցուղասրահներում և պատկերասրահներում, ինչպես նաև, իհարկե, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այս ցուցահանդեսից հետո գեղանկարիչը ևս մի քանի նկար կնվիրի Ազգային պատկերասրահին։
Հոբելյանական այս ցուցահանդեսի համադրողն է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Նա նաև կազմել և հրատարակել է ցուցահանդեսի կատալոգը, որը տպագրվել է ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ։