Մատչելիության հղումներ

Եվս 16 բուժառու այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան


16 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 13 բուժառուներ էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 169 հիվանդ։

Ըստ նախարարության իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակ են պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն այդ որոշումից ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։

XS
SM
MD
LG