Ռուսաստանի Կեմերովոյի մարզային դատարանը տեղի ակտիվիստ Բուլատ Շումեկովին 7 տարվա ազատազրկման դատապարտեց Ուկրաինայի պատերազմի մասին տեսանյութ հրապարակելու համար։
Ռուսական բանակը վարկաբեկելու հոդվածով նրա դեմ քրեական գործը հարուցվել էր անցած տարվա ապրիլին։ Ըստ հետաքննության՝ Շումեկովը ստեղծել և ինտերնետում տարածել է է «ֆեյք» տեսահոլովակներ։ Ռուսաստանի իշխանությունները «ֆեյք» են համարում ցանկացած տեղեկատվություն, որը չի համապատասխանում Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
Ակտիվիստ Բուլատ Շումեկովը 2022-ի գարնանը երեք անգամ տուգանվել է ռուսական բանակը վարկաբեկելու, «ոչ պատերազմին» պաստառով միայնակ պիկետ անցկացնելու, հայրենասիրական համերգին չմասնակցելու կոչի և իր բնակարանի պատուհանից հակապատերազմական գրությամբ պաստառ կախելու համար։
Տուգանքներից բացի, անցած տարվա մարտին նա կալանավորվել էր 10 օրով, իսկ ապրիլին՝ 5 օրով։
«Աջակցություն քաղբանտարկյալներին․ Մեմորիալ» պրոյեկտը Բուլատ Շումեկովին ճանաչել է քաղբանտարկյալ։