Մատչելիության հղումներ

«Պիաֆ Սիմֆոնիկ» համերգը կներկայացվի նաև Երևանում


Մարտի 8-ին, 9-ին և 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Նաթալի Լերմիթի մասնակցությամբ, Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կիրականացվի մի գեղեցիկ համերգային ծրագիր՝ «Պիաֆ Սիմֆոնիկ» խորագրի ներքո։

Նաթալի Լերմիթի կատարմամբ կհնչեն 20-րդ դարի մեծագույն երգչուհուհիներից մեկի՝ Էդիտ Պիաֆի հայտնի երգերը, որոնք վայելել են տարբեր սերունդներ ողջ աշխարհում։

Այս համերգային նախագիծը Նաթալի Լերմիթի մասնակցությամբ ստեղծել է ֆրանսիացի անվանի պրոդյուսեր, ռեժիսոր Ժիլ Մարսալան, ով անցյալ տարի այստեղ ներկայացրեց նմանատիպ ազնավուրյան իր համերգային նախագիծը՝ խոստանալով կրկին վերադառնալ Հայաստան՝ այս անգամ արդեն պիաֆյան ծրագրով։

Ինչպես համերգից առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ընդգծում էր Ժիլ Մարսալան, իր ամբողջ երիտասարդությունն է անցել պիաֆյան երգերի ուղեկցությամբ և ինքը մշտապես ոգևորվել է այդ երգերից։ Եվ ահա տարիներ առաջ վճռել է ստեղծել համերգային այս նախագիծը, որը, ինչպես և ազնավուրյան նախագիծը, արդեն իսկ ներկայացրել է աշխարհի ամենատարբեր երկրներում ՝ մեծ ընդունելության արժանանալով։

Իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը Ժիլ Մարսալան ուղղակի հրաշալի է համարում. - «Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը համաշխարհային առումով շատ բարձր մակարդակի նվագախումբ է, և մենք շատ երջանիկ ենք այս օրերին հայ երաժշտասեր հանրությանը նվագախմբի հետ ներկայացնելու «Պիաֆ սիմֆոնիկ» նախագիծը»։

Այս համերգային նախագծում ընդգրկված են նաև ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Նակաջիման և ակորդեոնահար Ֆրեդերի Վիալը։ Նրանք Նաթալի Լերմիթի հետ նվագախմբի ուղեկցությամբ Պիաֆի մասին պատմող մի գեղեցիկ ներկայացում են մատուցում ունկնդրին։ Բոլորն էլ առաջին անգամ են Երևանում և ընդգծում էին, որ անչափ տպավորված են թե' նվագախմբի հետ համագործակցությունից, թե' մեր երկրից ու մեր ժողովրդից։

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիիժոր Էդվարդ Թոփյանը «Ազատությանն» ասաց. - «Ես ճանաչում էի այս պրոդյուսերին, ով Ժիլ Մարսալան է, իրենք շատ էսպիսի ծրագրեր ունեն և' Պիաֆի, և' Ազնավուրի... ընդհանրապես շատ լուրջ գործակալություն են, լուրջ երաժիշտներով։ Ես հասկացել եմ, որ մենք էլ կոչված ենք տարին մի քանի էսպիսի համերգ անելու։ Որովհետև, գիտեք, ես մտածում եմ, որ իմ ուղղվածությունը խիստ սիմֆոնիկ դասական երաժշտությունն է, բայց մտածեցի, որ եթե պիտի լինեն էսպիսի ծրագրեր, ուրեմը թող շատ բարձրամակարադակ բաներ լինեն. թե ինչպես է սարքված նվագախմբի համար, թե ինչ արտիստներ են։ Այս երգչուհին, որը նաև մեծ դերասանուհի է։ Մեծ արտիստ է ակորդեոն նվագողը, ճապոնացի դաշնակահարը, որը ինքն է ամեն ինչ սարքել նվագախմբի համար։ Այսինքն՝ Ժիլ Մարսալան ինձ տվեց ձայնագրություն, ես տեսա, որ շատ բարձրամակարդակ և իրոք... «Պիաֆ Սիմֆոնիկը» շատ գեղեցիկ ծրագիր է։ Մենք էլ ուզում էինք ինչ-որ մի գեղեցիկ բան անել Մարտի 8-ի կապակցությամբ, և որոշեցինք, որ այս Պիաֆի ծրագիրը անենք։ Եվ հենց լուրը գնաց, էնպիսի արագությամբ տոմսերը վաճառվեցին, որ փաստորեն ստացվեց, որ երեք անգամ պետք է անենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG