Մատչելիության հղումներ

Ոստիկանների ատեստավորման նոր կարգ՝ աշխատավարձի ավելացմամբ. օրինագիծը «դեկորատիվ ու անարդյունավետ» է որակվում


Աշխատավարձի բարձրացում պրոֆեսիոնալիզմի դիմաց. նորաստեղծ Ներքին գործերի նախարարությունում մտադիր են ապրիլից ոստիկանների ատեստավորման նոր համակարգ ներդնել։ Ի տարբերություն գործող ատեստավորմանը` այս մեկը անցած ծառայողները հավելավճար կստանան։ Թե որքանով կբարձրանա ատեստավորումը հաղթահարած ոստիկանի աշխատավարձը, շրջանառության մեջ դրված օրենքի նախագծում նշված չէ։ Հավելավճարի չափն ու վճարման կարգը կսահմանի կառավարությունը։

Փոփոխության նպատակը պրոֆեսիոնալ կադրերի համար համար ոստիկանությունը գրավիչ դարձնելն է. ՔՊ-ական պատգամավոր

«Ինչքան էլ աշխատավարձ բարձրացնենք, ինչ միջոցներ էլ ձեռնարկենք սոցիալական երաշխիքների ուղղությամբ, միևնույն է, եթե ծառայողը պրոֆեսիոնալ չէ, չի տիրապետում իր գործառույթներին, պարտականություններին, որևէ արդյունք չենք կարող ստանալ։ Հետևաբար, այս ատեստացիայի անցկացումը մեկտեղել է այս երկու խնդիրների լուծումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ատեստավորում անցած ոստիկանի աշխատավարձը կբարձրանա էականորեն։ Այս փոփոխության նպատակը պրոֆեսիոնալ կադրերի համար համար ոստիկանությունը գրավիչ դարձնելն ու կադրերի արտահոսքը կանխելն է։

«Մենք ասում ենք՝ այո, բարձրացնում ենք աշխատավարձը, բայց դրա դիմաց պահանջում ենք պրոֆեսիոնալիզմ։ Այսինքն՝ պայմաններ ենք ստեղծում, որ մարդը , ծառայողն աշխատի իր պրոֆեսիոնալ որակները բարձրացնելու ուղղությամբ, մոտիվացված լինի, և քանի որ դրա դիմաց ինքը ստանալու է էական բարձր աշխատավարձ, իհարկե մենք արդեն այստեղ գործ կունենանք այս երկու խնդիրների լուծման հետ», - նշեց նա։

Ըստ նախագծի՝ ատեստավորման ընթացքում թեստերի միջոցով ստուգվելու և գնահատվելու են ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքները, հմտությունները ու պիտանելիությունը, կստուգվի նաև նրանց ֆիզիկական և կրակային պատրաստականության վիճակը վարժությունների միջոցով։ Այս քննությունները չհաղթահարած ծառայողին կտրվի վերաատեստավորման հնարավորություն:

Ընդդիմությունն ու քաղհասարակությունը քննադատում են

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատում է կառավարության նորամուծությունը։ Ատեստացիան պետական համակարգում նոր երևույթ չէ, ասում է: Բայց դրա դիմաց աշխատավարձը բարձրացնելը ընդդիմությունը արդյունավետ չի համարում. «Ատեստացիան որակ ճշտելու համար է, մասնագիտական քննություն տալ է, իսկ նրանք ամեն ինչը մի կողմ են դնում, ասում են՝ ուզում ես ավելի շատ փող ստանալ, արի ատեստացիայի: Ի՞նչ հիմքերով է լինելու ատեստացիան, ովքե՞ր են ներառվելու այդ ատեստացիայի մեջ»:

Պատգամավորը հիշեցնում է ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանների վարքագիծն ու ընդգծում. «Այսօրվա իշխանության միակ հենարան համարվող իրավապահ համակարգ ոստիկանները, որոնք Նիկոլ Փաշինյանի մի օրվա քաղաքում 300 մետր տեղաշարժի համար 3-4 հազար ոստիկանով շրջափակում են, բայց հիմա նրանս ասում են՝ դուք պրոֆեսիոնալ չեք, դուք անգրագետ եք: Դրա համար ավելի փողով կառաջարկեն, գրագետները գան, ու թողնաև հասկանան, որ մի օր բոլորին դուրս են շպրտելու»:

Իրավապաշտպաններն ու փաստաբանները մատնացույց են անում ոստիկանների վարքագիծը հանրահավաքների ժամանակ, ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ անհամափաչ ուժի կիրառումը, խոշտանգման դեպքերը։ Անցած ամռանը ոստիկանի կողմից խոշտանգման մասին ահազանգած փաստաբան Էդգար Հակոբյանը կարծում է՝ ատեստավորումը կարող է հնարավորություն տալ ոստիկաններին փոխել վարքագիծը, եթե, իհարկե, այս գործընթացը ձևական չլինի։

«Ինքն, իր հերթին, գիտելիքների ձեռքբերման ճանապարհին զգում է, որ օրինակ՝ կա մի արարք, որ ինքը չէր մտածում, որ սա հանցագործություն է, պաշտոնեական լիազորությունների չարաշահում կարող է լինել, բայց ատեստավորման պրոցեսի ընթացքում դա հասկանում է», - ասաց նա:

Մինչդեռ քաղհասարակությունը դեկորատիվ է համարում ատեստավորման այս նոր համակարգը։ Պարեկային ոստիկանության ստեղծմանը մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը դեռ պնդում է, որ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը չունի քաղաքական կամք՝ իսկապես բարեփոխելու համակարգը։ Իրավապաշտպանը կասկածներ ունի, որ այս ատեստացիան էլ կնմանվի հնին՝ հիմնված խնամի ծանոթ բարեկամ հարաբերությունների վրա։

«Եթե եղավ այս տենդենցների տրամաբանության մեջ, ապա ոչինչ չի փոխվի, միայն կփոխվի վատ ուղղությամբ, որովհետև ա) բյուջետային ծախսերը կավելանան, և բ) այս ռեֆորմի հնարավորությունը կկորսվի: Որքանով է օպեր լիազորն ի վիճակի հանցագործություն բացահայտել այլ մեթոդով, քան օրինակ՝ կասկածյալին խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեթոդը, որն արդեն 50 տարի է՝ էֆեկտիվ չէ, բայց հիմնական մեթոդն է», - նկատեց նա:

Նախատեսվում է, որ ատեստացիայի դիմաց հավելավճար ստանալու նախագիծը ուժի մեջ է մտնելու ապրիլի մեկին, մինչ այդ այն պետք է քննարկվի և ընդունվի խորհրդարանում։ Հայաստանում ատեստացիան հաղթահարելուց հետո աշխատավարձի բարձրացում են ստանում նաև ուսուցիչները, նույն համակարգը գործելու է զինծառայողների և ԱԱԾ աշխատողների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG