Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը ֆրանսիացի համանախագահին է ներկայացրել Արցախում երեկվա միջադեպի մանրամասները


Փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն այսօր քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, հայտնում են Արտգործնախարարությունից։

Մասնավորապես, նրանք խոսել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։ Ըստ հաղորդագրության՝ Վահե Գևորգյանը ֆրանսիացի համանախագահին նաև ներկայացրել է Արցախում երեկվա միջադեպի մանրամասները, որի հետևանքով կողմերը զոհեր ունեն։

Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, թե «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքել է։

Վահե Գևորգյանն ու Բրիս Ռոքֆոն միջադեպից զատ, անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն երեք ամիս արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին: Նշվում է, որ այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG