Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Լոնդոնում անցկացվող Փափուկ ուժի համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցներին հասցեագրված տեսաուղերձում խոսել է սոցիալական ցանցերում հաղթանակի տեսլականն առաջ տանելու կարևորության մասին:
«Ամենաբարդը հայեցակարգ հստակ ձևակերպելն է և այն գերակայող դարձնելը: Պատերազմը ճակատամարտերի շարան է` դու կարող ես մեկը տանուլ տալ, մեկը շահել, բայց կարևորը պատերազմում հաղթելն է: Անհրաժեշտ է հստակ սահմանում, որ Ուկրաինան ի զորու է հաղթել», - ասել է Կուլեբան:
Նրա համոզմամբ` Ուկրաինայի հստակ հաղթանակի հայեցակարգի հաստատումը սոցիալական ցանցերում կօգնի բարձր մակարդակի վրա պահել դաշնակիցների աջակցությունը և վնասազերծել բացասական ազդեցությունը, որ կարող են հանրային կարծիքի վրա գործել ռազմաճակատից ստացվող լուրերը:
«Ե՛վ շարքային մարդիկ, և՛ քաղաքական գործիչները ներկա են սոցցանցերում: Հենց այդ պատճառով էլ սոցցանցերն ունեն շատ մեծ նշանակություն: Սոցիալական մեդիան մի յուրօրինակ առանձին ռազմաճակատ է, որտեղ պարտավոր ես շատ լուրջ կռվել: Ընդ որում Facebook-ը, Instagram-ը և TikTok-ը միմյանցից տարբերվում են: Սա շատ կարևոր հարց է», - ասել է Կուլեբան:
Նախարարի խոսքով, մի առիթով նա աֆրիկացի մի քաղաքական գործչի հարցրել է, թե արդյո՞ք երիտասարդները ականջալուր են լինում իրենց ցեղապետերի կոչերին: Քաղաքական գործիչն ասել է, թե այսօր երիտասարդներն առաջնորդվում են Whatsapp-ի և Instagram-ի հաղորդած տեղեկատվությամբ:
«Երբ իրականությունը հասնում է այդ կետին, դու հասկանում ես, որ անհրաժեշտ է չափազանց լուրջ ընդունել սոցիալական մեդիայի գործոնը», - հայտարարել է Կուլեբան: