Պատերազմ, փլուզվող համակարգեր, արմատացած կոռուպցիա, արտագաղթ, փակուղի... Հայաստանցի և ռուսաստանցի լուսանկարիչների տեսախցիկից փոփոխվող աշխարհն այսպիսի տեսք ունի։ Երևանի պատմության թանգարանում հայ-ռուսական համատեղ ցուցահանդեսը հետխորհրդային ընդհանուր ցավերի մասին է։
««Չգծված ափեր» լուսանկարչական ցուցահանդեսը ավելի շատ միավորում է շուրջ երեսուն տարիների ընթացքում աճող, նոր զարգացող լուսանկարիչների հայացքը նրան, թե ինչ է ընդհանրապես տեղի ունեցել խորհրդային ժամանակահատվածում», - ասում է ցուցահանդեսի կազմակերպիչներից «4 պլուս» վավերագրական կենտրոնի ղեկավար Նազիկ Արմենակյանը։
Նա նշեց, որ 20 արտիստ,10-ը՝ Հայաստանից, 10-ը՝ Ռուսաստանից, փորձել են երկխոսել պատկերներով. - «Կարող է սկիզբ լինել նոր խոսակցության, որը ոչ թե մենք գնում ենք ու ուզում ենք, որ մեզ լսեն, այլ մենք ենք կազմակերպում։ Մենք ենք առաջարկում էդ խոսակցությունը։ Կարող է լավ հիմք լինել, ինչու չէ, նաև այլ հետխորհրդային տարածաշրջանի լուսանկարիչների հետ համագործակցության»։
«Մեր նախագիծը ծիծեռնակ դարձավ», - ասում է ռուսաստանյան կողմի կազմակերպիչ, «էքսպերիմենտ» նախագծի ղեկավար Իրինա Գալինսկայան։
Գալիսնսկայան արդեն մեկ տարի է, Հայաստանում է ապրում։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, ասում է, դեռ պետք է հասկանալ, վերլուծել տեղի ունեցածը, հիմա միայն ծանոթանալու ու երկխոսելու հնարավորություն կա. - «Երկխոսություն սկսվեց երկու մշակույթների, երկրների միջև։ Սա շատ կարևոր է ոչ միայն մասնագիտական աճի տեսանկյունից։ Միասնական աշխատանքը նաև հնարավորություն է տալիս լրացնել աշխարհի ընդհանուր պատկերը։ Շատ կարևոր է սկսել շփվել, շոշափել ընդհանուր խնդիրները, շատ խոսել այդ մասին»։
Անցած տարեվերջին նման երկխոսության մի հարթակ էլ հայ և ուկրաինացի լուսանկարիչների համար էր ստեղծվել։ Երկու տարբեր պատերազմների միջով անցնող պետությունների լուսանկարիչները ներկայացրել էին կյանքն ու կռիվը մի կադրում։
Ռուս լուսանկարիչների հետ, ըստ «Չգծված ափեր» հայ-ռուսական ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի, ոչ թե ֆիքսել են տվյալ պահը, այլ կադրի մեջ փնտրել են տարիներ շարունակ չավարտվող խնդիրները. - «Որքանո՞վ կարելի էր խոսել պատերազմի մասին, պե՞տք է արդյոք խոսել պատերազմների մասին։ Դա մի հարց էր, որը անընդհատ իմ և իմ համահամադրող Վիկտորիա Մուսիկի ուշադրության կենտրոնում էին։ Եվ երկուսս էլ հասկացանք, որ տվյալ պահին որևիցե մեկը պատրաստ չէ խոսել այդ խնդիրների մասին, վերլուծել դրանք, այն, ինչ կատարվում ա էս պահին։ Այսինքն՝ այդ վերլուծությունը պետք է սկսվի շատ ավելի վաղ կետից»։
Երբ նկարները պատերից իջնեն, հատուկ պորտֆոլիոյում հավաքված 20 պատմություններով տուփերը կճամփորդեն 5 միջազգային թանգարաններ՝ հետխորհրդային ժամանակների ժառանգության համար երկխոսելու նոր տարածք ստեղծելով։