Մատչելիության հղումներ

Գրողների միությունում հիշատակի արարողությամբ հարգանքի վերջին տուրքը մատուցեցին Վարդան Հակոբյանին


Այսօր Արցախի հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց գրական-հասարակական ականավոր գործիչ, անվանի գրող, հրապարակախոս, գրականագետ, Արցախի Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին։

Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքի փակ լինելու պատճառով Հայաստանից Գրողների միության պատվիրակությունը չկարողացավ մեկնել Արցախ և մասնակցել 75-ամյա գրչակցի հուղարկավորման արարողությանը։ Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին մասնակցում էին գրական հանրության ներկայացուցիչները, գրողներ, հրատարակիչներ, բազմավաստակ գրականագետներ, արվեստագետներ։

Մինչև արարողության մեկնարկը «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում էր. - «Իհարկե մեծ ցավ է, որ մեր ընկերը՝ բանաստեղծ, հասարակական գործիչ, գրական գործիչ, երկար տարիներ Արցախի գրողների միության նախագահ, գրականագետ, հրապարակախոս, մի խոսքով՝ բազմաշնորհ մարդ կյանքից հեռացավ։ Շփվելով գրեթե ամեն օր մեր գրական հարցերով՝ կապված էինք միշտ։ Ես զգում էի, թե ինչ ծանր, մեծ հարված է իր սրտին այդ շրջափակումը։ Եվ փաստորեն մահը, կարելի է ասել, հենց շրջափակման հետևանք էր, ծանր հետևանք։ Եվ այսօր մենք հնարավորություն չունենք գնանք հուղարկավորությանը մասնակցելու, որովհետև այդ գիշատիչ «էկոպահապաններն» են, «բնապահպաններ» են, ես ինչ գիտեմ ինչեր են, փակել են ճանապարհը, և անամոթաբար Ադրբեջանը հայտարարում է, թե ճանապարհը բաց է, կարող եք գնալ, կարող եք գալ և այլն, և այլն։ Ահավասիկ, հենց այս որոշակի, ստույգ հարցով մենք հնարավորություն չունենք գնալու, մասնակցելու»։

Վարդան Հակոբյանը բազմաթիվ գրքերի և ժողովածուների հեղինակ է։ Նրա վերջին գիրքը լույս է ընծայվել հենց այսօր «Արմավ» հրատրակչության կողմից։ Ինչպես նշում է հրատարակչության հիմնադիր տնօրեն, գրականագետ Արմեն Ավանեսյանը. - «Պատիվ ունեցավ «Արմավ» հրատարակչությունը վերջերս հրատարակելու Վարդան Հակոբյանի գրքերը։ Եվ 2023 թվականի հունվարից ձեռնարկեցինք նոր գրքի հրատարակությունը, և ցավալի զուգադիպությամբ, հենց այսօր տպարանից դուրս եկավ Վարդան Հակոբյանի նոր գիրքը՝ «Բառից դուրս կամ արդեն ուշ է» վերանագրով։ Եվ չտեսավ հեղինակը։ Չենք էլ կարող այդ գիրքը տանել և հասցնել հարազատներին, որովհետև մենք տեսնում ենք, որ ինչ է տեղի ունենում, ճանապարհը փակ է, և եղբայրը եղբոր հետ չի կարող հաղորդակցվել։ Չէ՞ որ մեր եղբայրներն են... Մենք, ցավալիորեն, ոչ միայն չենք կարող հասնել նրանց դժվարությունների ու ուրախությունների պահին, այլև էնտեղ, որ պիտի պարտադիր լինենք, չենք կարող ուղղակիորեն հասնել։ Եվ այո, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակակիր Վարդան Հակոբյանը, որը հրաշալի գրական ժառանգություն է թողել, մեծ գրական գործունեություն է կազմակերպել Արցախում և Հայաստանի տարբեր շրջաններում, միշտ մասնակցել է տարբեր մեծ միջոցառումների, երկու միայն միջազգային պոեզիայի փառատոն է կարողացել կազմակերպել, Մուրացանյան օրերը միշտ կազմակերպում էր, հրավիրում էր, գնում էինք սիրով, շուքով կարողանում էինք նշել։ Եվ այսօր մենք չենք կարողանում գնալ հրաժեշտ տալ մեր գրողին։ Մարդասիրություն հասկացությունը չկա։ Եթե չենք կարողանում գնալ, մեր վաստակաշատ գրողին հրաժեշտ տալ, որտե՞ղ մնաց մարդասիրությունը։ Արդեն բարոյական և մարդասիրական բոլոր նորմերը անցած է»։

Գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանն ասաց. - «Ցավալի է իհարկե Վարդան Հակոբյանի նման անհատականության կորուստը։ Նույնիսկ հնարավորություն չունենք գնալու, հուղարկավորությանը մասնակցելու։ Պիտի ասեմ, որ Վարդան Հակոբյանը մեր շատ ինքնատիպ ընկերներից, հեղինակներից է։ Ոչ միայն Արցախի ազատագրական շարժվման ակունքներում կանգնած և ընթացքում մեծ դերակատարություն ունեցած, Վարդանը նաև Արցախի գրողների միության նախագահն էր, նաև «Նարեկացի» համալսարանի ռեկտորն էր...»

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Երևանում հանգրվանած արցախցի երիտասարդ գրականագետ Ամալյա Գրիգորյանը չափազանց վշտացած է իր ուսուցչի մահվան բոթից և այն փաստից, որ նույնիսկ այսպիսի դեպքում չի կարող մեկնել Արցախ և հրաժեշտ տալ Վարդան Հակոբյանին. - «Մեծ է Վարդան Հակոբյանի ավանդը Արցախի պետականաշինության, գրականության, մշակույթի զարգացման գործում։ Նա անմոռանալի մեծ ավանդ է թողել սերունդների համար։ Մեծ ցավ է նրան կորցնելը։ Յուրաքանչյուր արցախցու անձնական ցավն է, որովհետև Վարդան Հակոբյանը իր ամբողջ կյանքում լուսավորել է սերունդների ճանապարհը։ Իրականում նա եղել է Արցախյան շարժման ակտիվիստներից մեկը դեռ 80-ականներին։ Պարոն Հակոբյանը իրականում ուժեղ անհատականություն էր, բայց այս վերջին Արցախի շրջափակումը բոլորիս, կարելի է ասել, կոտրեց։ Կոտրեց այն առումով, որ շարունակում ենք պայքարել նույնիսկ այդ զրկանքների մեջ, բայց՝ հույս ունենալով, որ գոնե վերջում մի լավ բան կլինի, կկարողանանք գոնե Արցախից մնացած այդ մի հատվածը փրկել։ Բայց, ինչպես տեսնում եք, դեռ շարունակվում է Արցախի այդ վիճակը և այդ վիճակն էլ սպանեց պարոն Հակոբյանին։ Շատ ծանր էր տանում, ամեն օր մենք կապի մեջ էինք...»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG