«Մեծ քսանի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Նյու Դելիում գումարված նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Մեկ րոպե լռությունը հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
«Մեծ քսանի» արտգործնախարարների հավաքին մասնակցում են մոտ չորս տասնյակ պատվիրակություններ:
Հնդկաստանի փոխարտգործնախարար Վինայ Մոհան Կվատրան ասել է, որ քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի պարենային անվտանգությանը, էներգետիկային, թմրամիջոցների տարածման դեմ պայքարին և հրատապ այլ թեմաներին:
Ըստ վերլուծաբանների՝ Նյու Դելին փորձում է կանխել ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի պատվիրակությունների սուր առճակատումը:
Այնուամենայնիվ գագաթնաժողովի մասնակիցների թվում է նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, և, հետևաբար, Ուկրաինաի թեման անխուսափելիորեն կարծարծվի:
Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Նյու Դելիում Լավրովի և Բլինքենի հանդիպում նախատեսված չէ: