Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասնակիցները չեն քննարկել, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։
«Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ», - ասված է հայտարարության մեջ։
Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար, կարծում են Ստեփանակերտում։
«Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ», - նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում, հայտնել են Ստեփանակերտից։
ԱԳՆ-ն հաև հիշեցրել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։