Մատչելիության հղումներ

3 փրկված և փլատակներից դուրս բերված 20 մարմին. Ադիյամանում և Հալեպում աշխատած հայ փրկարարներն ամփոփեցին իրենց աշխատանքը


Երեք փրկված Թուրքիայում և փլատակներից դուրս բերված 20 մարմին երկրաշարժից տուժած երկու երկրներում։ Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում աշխատած հայ փրկարարներն այսօր իրենց կատարած աշխատանքն ամփոփեցին:

«Նույն տարածքից ենք հանել երեք ողջերին, 8 տարեկան աղջնակ էր առաջինը, հաջորդ օրը նույն տարածքից հանել ենք 20 և 24 տարեկան երկու աղջկա», - ներկայացրեց գնդապետ Հայկ Նաղդալյանը:

Հայաստանը երկու երկրներ ոչ միայն փրկարարական ջոկատներ էր ուղարկել, այլև՝ մարդասիրական օգնություն։ Իսկ Թուրքիայում կատարած աշխատանքը ու դրան հաջորդած հայ պաշտոնյաների այցը ամենաքննարկվող թեմաներից էին։

Ադիյամանում են եղել Հայկ Նաղդալյանն ու Գարի Արմաղանյանը, պատմում են՝ իրենց շատ լավ են ընդունել. - «Շատ լավ էին վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել ենք աջակցենք, օգնենք»:

Հեշտ չի եղել, ասում են փրկարարները, առաջին օրերին, երբ ողջ մարդկանց դուրս բերելու հավանականությունը մեծ էր, 24- ժամյա ռեժիմով են աշխատել։ Միջազգային որակավորված հայկական թիմն է եղել աղետի գոտում:

«Տղաներ ունեինք, որ աշխատել են 99 թվականի Թուրքիայի երկրաշարժի ժամանակ, տղաների մեջ կային մարդիկ, որ էլի երկրաշարժի փորձ ունեին», - ասաց Հայկ Նաղդալյանը:

Ի՞նչ տվեց աղետի գոտում աշխատանքը հայ փրկարարներին և որքա՞ն էր կարևոր այս փորձը ակտիվ երկրաշարժի գոտում գտնվող Հայաստանի համար, հետաքրքրվեցինք ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանից։ Ասաց՝ միջազգային այս թիմի համար սա նորություն չէր, իսկ մյուսները պարբերաբար վարժանքներ են անցկացնում:

«Այսինքն՝ տարբեր երկրներում մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքների, հետևանքների վերացման աշխատանքների և այլն: Ներքին որակավորված թիմերը միշտ...., ամեն տարի մենք անցկացնում ենք երկրաշարժին շատ մոտիկ սցենարներով վարժանքներ և բացի դրանից իրենք նաև շփվում են միջազգային թիմի հետ: Մենք, օրինակ, նախորդ տարի անցկացրել ենք 5 թիմերի ներգրավվածությամբ վարժանք, որը բավականին մոտ էր միջազգային ստանդարտներին», - նշեց Գևորգյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանում այժմ համապատասխան որակավորում ունեցող 5 որոնողափրկարարական խումբ կա, պատրաստվում են դրանց թիվն ավելացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG