Մատչելիության հղումներ

Մյունխենի Անվտանգության համաժողովն ավարտեց աշխատանքները


Գերմանիա - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 17-ը փետրվարի, 2023թ.
Գերմանիա - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 17-ը փետրվարի, 2023թ.

Մյունխենում կիրակի օրն ավարտվեց անվտանգության հարցերով միջազգային համաժողովը։

Փակելով ֆորումը՝ դրա նախագահ Քրիստոֆ Հոյսգենը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ տարի անձամբ կկարողանա մասնակցել համաժողովին։ Նման քայլը «կնշանակի, որ այս սարսափելի պատերազմն ավարտված է», - ասել է Հոյսգենը։

Ամփոփելով եռօրյա համաժողովի արդյունքները՝ ֆորումի ղեկավարը կոչ է արել Եվրոպային ավելացնել պաշտպանական ծախսերը։

«Մենք պետք է կարողանանք աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդլայնել սեփական պաշտպանությունը», - ասել է նա։

Համաժողովի նախագահն ընդգծել է նաև պատերազմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ շեշտելով. - «Կատարված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»:

Հոյսգենը, ի դեպ, այս տարի առաջին անգամ էր նախագահում Անվտանգության համաժողովը և հայտարարել է, որ տպավորված է Մյունխենում ցուցադրված միասնությունից:

«Մենք ավելի շատ տոկունություն ունենք, քան Վլադիմիր Պուտինը», - ասել է Մյունխենի համաժողովի նախագահը։

Համաժողովի հիմնական թեման էր պատերազմը Ուկրաինայում:

Բոլոր արևմտյան առաջնորդները, ովքեր ելույթ ունեցան Մյունխենում, միակարծիք էին, որ քանի դեռ Ռուսաստանը և նախագահ Պուտինը պատրաստ չեն զորքերը դուրս բերել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից, Կիևին պետք է աջակցեն ռազմական, քաղաքական, հումանիտար և ֆինանսական միջոցներով։ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջատար քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններում ընդգծել են՝ Պուտինը չպետք է հաղթի պատերազմում։

Անվտանգության համաժողովն այս տարի անցկացվեց 59-րդ անգամ։ Մասնակիցների թվում էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և տարբեր երկրների տասնյակ նախարարներ ու առաջնորդներ։ Ռուսական պատվիրակությունը համաժողովին հրավիրված չէր:

XS
SM
MD
LG