Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ երեկվա հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ Էնթոնի Բլինքենը կոչ է արել կողմերին բացել նաև այլ տրանսպորտային ուղիները։
Նշվում է, որ Էնթոնի Բլինքենը Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ երկու երկրների միջև երկկողմ խաղաղ բանակցությունները զարգացնելու նպատակով։
«Նա ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որը երկու կողմերը հասել են վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղության համաձայնագրի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ կողմերին Բրյուսելու հյուրընկալելու առաջարկի ուղղությամբ», - հաղորդել է Նեդ Փրայսը։
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։
Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերն էլ են եղել օրակարգում։ Դրանք քննարկվել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակելու ու դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա հոկտեմբերին՝ Սոչիում։ Երևանն ու Բաքուն արդյոք կբանակցեն նաև այլ պաշտոնյաների մակարդակով, դեռևս հայտնի չէ, Մյունխենում են երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ալիևի խորհրդականը։