Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է երկրաշարժից տուժած Թուրքիայի Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձել են Հայաստան: Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական աշխատանքներ, այդ թվում նաև կինոլոգիական խմբերով:
Հայ փրկարարները մասնակցել են նաև երկրաշարժից տուժած մյուս երկրում՝ Սիրիայում որոնողափրկարարական աշխատանքներին։