Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Թբիլիսիից պահանջում է անհապաղ ազատ արձակել Սաակաշվիլիին


Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվ
Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվ

Եվրոպացի խորհրդարանականները Վրաստանի իշխանություններից պահանջում են անհապաղ ազատ արձակել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, Եվրամիության գործադիր մարմիններին էլ կոչ են անում պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Նման դրույթներ ներառող բանաձևը Եվրախորհրդարանը հաստատեց երեկ երեկոյան՝ քվեների 577 կողմ, 33 դեմ հարաբերակցությամբ։

«Եվրախորհրդարանն ընդգծում է այն հիմնարար դերակատարությունը, որ Սաակաշվիլիի բանտարկության հարցում ունի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին», - նշված է փաստաթղթում, որի հեղինակները «Վրացական երազանք»-ի հիմնադրի վերաբերմունքը նախկին նախագահի նկատմամբ բնութագրում են որպես «անձնական վենդետա»։

Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում ԵՄ խորհրդին առաջարկվում է նաև քննարկել Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ «Վրաստանի քաղաքական միջավայրի դեգրադացման մեջ նրա ունեցած դերակատարության համար»։

Դեռ մինչև քվեարկության մեկնարկը բանաձևի հեղինակներից մեկը՝ Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրյուս Կուբիլյուսը հայտարարել էր. - «Եթե Վրաստանը ցանկանում է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ, ապա իշխանությունները պետք է խաղան մեր կանոններով»։

«Թեկնածու պետության կարգավիճակը ձեզ լինի», - Եվրախորհրդարանի պատգամավորի այս հայտարարություններին երեկ այսպես հակադարձեց Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար անդամ Կախա Կալաձեն։

«Այս ամենը այն խաղի և շանտաժի մասն է, որի ականատեսն է դարձել նաև մեր հանրությունը։ Վրաստանի իշխանություններն առաջնորդվելու են վրացական կանոններով, գործելու են՝ ելնելով մեր երկրի, մեր ժողովրդի շահերից։ Մեր կառավարությունն ամեն ինչ անում է այդ դժվարին ճանապարհին։ Սակայն եթե եվրոպացիների կողմից ի վերջո որոշում կայացվի մերժել Վրաստանին, եթե նրանք որոշեն մեզ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չշնորհել, այդ դեպքում ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ «Այդ կարգավիճակը պահեք ձեզ», - հայտարարում էր Թբիլիսիի քաղաքապետը։

XS
SM
MD
LG