Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Թուրքիա


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա:

Անկարայում Արարատ Միրզոյանը հանդիպում կունենա Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ:

Արտգործնախարարը, ԱԳՆ-ի փոխանցմամբ, երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Միրզոյանի այցը հաջորդում է Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու Երևանի որոշմանը: Շաբաթ օրը 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը Թուրքիային կապող ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց։ Մարգարայի կամրջով Հայաստանը 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց աղետից տուժած Ադիյաման քաղաք

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, որի արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Այդ պայմանավորվածությունը, սակայն, կյանքի չի կոչվել, փոխարենը երկու երկրները վերականգնել են ուղիղ ավիափոխադրումները: Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Երևանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էլ անցած դեկտեմբերին հայտարարել էր՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ:

«Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի: Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», - ասել էր Ռուբինյանը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ այս գարնանը ևս պատրաստվում է գնալ Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. «Ինչպես և անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և ըստ ամենայնի կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում»:

Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիա էր մեկնել նաև 2022 թվականի մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով, որտեղ կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG