Ուկրաինային հրատապ կարգով նոր սպառազեն է անհրաժեշտ, այսօր Բրյուսելում ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը: Նա հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս երկրները կօգնեն Ուկրաինային:
«Շփման խումբը վերահաստատել է, որ կօգնի Ուկրաինային գարնանային հակահարձակման ընթացքում առաջ գնալ: Միասնական ջանքերով և հրատապ կարգով մենք կտրամադրենք այն աջակցությունը, որը խոստացել ենք»,- ասել է Օսթինը:
Նրա խոսքով, Կրեմլը տակավին հուսով է, որ Արևմուտքը կհոգնի այդ պատերազմից, իսկ մատակարարումները կսպառվեն:
«Բայց արդեն մեկ տարի է մենք միասնական ենք առավել, քան երբևէ: Մենք միավորվել ենք պաշտպանելու աշխարհը, որը ղեկավարվում է օրենքներով, որտեղ հարգում են ինքնիշխանությունը և պաշտպանում են խաղաղ բնակիչներին»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: