Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին:
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 64 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց էկոակտիվիստ անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով: