ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր առաջին անգամ մեկնաբանել է ԱՄՆ օդային տարածքում թռչող օբյեկտների՝ մասնավորաբար չինական օդապարիկի ոչնչացման փաստերը՝ նշելով, որ այդ միջադեպերը տեղավորվում են Միացյալ Նահանգների դեմ ձեռնարկվող հետախուզական գործողությունների ակտիվացման կոնտեքստում։
« Չինաստանի և Ռուսաստանի պահվածքում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ հետախուզության և դիտարկմանն ուղղված գործողությունների ընդլայնման որոշակի միտում է նկատվում։ Մենք դա տեսնում ենք թվային ասպարեզում, նկատելի է նաև [հետախուզական] արբանյակների թվի աճ։ Այս միտումը զգալի է նաև օդապարիկների պարագայում։ Այս առումով շատ կարևոր է մեր կողմից զգոնության պահպանումը, կարևոր է նաև թե ինչպես ենք մենք կիսվում հետախուզական տվյալներով և թե ինչպես ենք պաշտպանում մեր օդային տարածքը», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղարը։