Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր խոստովանել է, որ ավերիչ երկրաշարժին արձագանքելն այնքան արագ չէր, որքան հույս ունեին։
«Չնայած տարածաշրջանում մենք ունենք որոնողական և փրկարարական ամենամեծ թիմը՝ ավելի քան 141 հազար անդամներով, ցավոք մենք ընդունակ չգտնվեցինք արձագանքել այնքան արագ, որքան հույս ունեինք»,- Ադիյամանում այսօր ասել է Էրդողանը՝ խոսելով երկրաշարժից փրկվածների հետ հանդիպմանը։
Էրդողանը նաև ասել է, որ որոշ մարդիկ խանութներ են կողոպտել, հարձակվել ձեռնարկությունների վրա։ Նրա խոսքերով՝ աղետի գոտու 10 նահանգներում հայտարարված արտակարգ դրությունը պետությանը թույլ կտա անհրաժեշտ պատիժներ կիրառել։
Այսօր Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 19 հազար 300-ի։
Սիրիան հայտնում է ավելի քան 3 հազար զոհի մասին։
Այդպիսով երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհվածների թիվը անցել է 22 հազարը։