Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի հանձնաժողովի զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից


Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվ
Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվ

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ, ընդգծում է զեկույցը:

«Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրախորհրդարանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի և ԵՄ համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով, որը գրեթե երկու ամիս արգելափակված է», - հայտարարել է զեկուցող Անդրեյ Կովաչևը (ԵԺԿ, Բուլղարիա) քվեարկությունից հետո։

Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայող` երեկ ընդունված զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը:

Զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից, նաև կոչ է անում երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա:

Եվրախորհրդարանի պատգամավորները գովաբանում են Հայաստանին վերջին տարիներին ձեռնարկած նշանակալի բարեփոխումների և ժողովրդավարացման գործընթացի համար՝ բարեփոխումներ, «որոնց արդյունքում երկիրը դարձավ ժողովրդավարության առաջատարը տարածաշրջանում»:

Առավել մանրամասն՝ տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG