Մատչելիության հղումներ

Կառավարության նիստում փորձեցին հասկանալ կոռուպցիայի սանդղակում Հայաստանի ցուցիչի նվազման պատճառը


Ազգային ժողովի երեկվա ելույթից հետո, վարչապետն այսօր էլ կառավարության նիստին անկախ ու ինքնավար երկու կառույցների՝ Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարներին էր հրավիրել, ինչպես հայտարարեց՝ հասկանալու համար կոռուպցիայի ընկալման սանդղակում անցած տարվա 3 կետի հետընթացի պատճառները։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ցուցանիշի վատթարացման մի քանի պատճառ էր նշել, դրանց թվում, որ պետական խնդրահարույց գնումները, վիճելի նշանակումները հանգեցնում են կոռուպցիայի ընկալման ցուցանիշի նահանջի։

Վարչապետը պնդում էր, որ հետընթացն իրեն հանգիստ չի տալիս, սակայն, այդքան քննադատվող մեկ անձից պետական գնումները բացառելու կամ նվազեցնելու ցուցումներ, օրինակ, չտվեց, պաշտոնյաների վիճելի նշանակումներին ընդհանրապես չխոսեց։ Փոխարենը հարկ համարեց թվարկել, ինչպես ասաց՝ շատ աղմկոտ բացահայտումները. - «Սննդի անվտանգության տեսչություն, Մաքսային ծառայություն, Երևանի քաղաքապետարանի վարչական շրջաններից մեկում, կառավարություն և այդպես շարունակ»

Կառավարության այսօրվա նիստի հրավիրյալների շարքում էր նաև պետությունների վարկանիշը կազմող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Ո՞ր ոլորտներում է նահանջ եղել. ըստ Հոկտանյանի, բիզնեսի, երբ լիցենզիաների համար ապօրինի վճարներ են կատարում հարկայինին, մաքսայինին։ Երկրորդը՝ հանրային միջոցները գնումներով ապօրինի ուղղվում են մասնավորին։ Գումարած դատական անկախության, իրավապահների բարեվարքության խնդիրը, նաև, որ օրենքների և կառավարության որոշումների ընդունումը տեղի են ունենում հօգուտ որոշ խմբերի։

«Ստանդարտ սխալի սահմաններում շատ քիչ, կարելի է ասել, էֆեկտ չի եղել, դրա համար այդպիսի ինչ-որ խնդիր, որ ասենք լուրջ իրավիճակ է, դա այդպես չի, բայց անհանգստանալու կարիք կա, որովհետև համենայնդեպս երեք միավոր նահանջել, դա քիչ չի, մանավանդ այս տարվա ստանդարտ սխալը 2,47 էր», - ասաց Հոկտանյանը:

Վարչապետին չմխիթարեց Հոկտանյանի հայտարարությունը, նա տպավորիչ առաջընթաց է ակնկալում. - «Չկա առաջընթաց, այսինքն, եթե կա հետընթաց, դա արդեն ինքնին պրոբլեմ է և այս ցուցիչը մարդկանց ընկալումն է ցույց տալիս, որոնք շփվում են տարբեր պետական մարմինների հետ»:

Չնայած կառավարության անդամները հիմնականում իրենց անելիքից էին խոսում, այնուհանդերձ, վարչապետը ծանրացավ տարիներով քննվող դատական գործերի վրա։ Մարդկանց ընկալումը, կարծում է, ձգձգումներից փոխվում է։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ներկայությունն էլ կառավարության այսօրվա նիստին հենց դրանով բացատրեց՝ հրավիրել է, որ նաև այդ անհանգստացնող խնդիրն ընդգծի։

«Շարունակում ենք սերտ համագործակցությունը թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր թևերի հետ և այդ համագործակցությունը ամենևին չի նշանակում կոնկրետ գործերով դատարանների վրա որևէ ազդեցություն», - նշեց Անդրեասյանը:

ԲԴԽ նախագահը երկար արդարացավ՝ ինչո՞ւ է ինքը՝ դատավորների անկախությունը երաշխավորող անկախ մարմնի ղեկավարը գործադիրի նիստին մասնակցում. - «Կոռուպցիոն գործերը տարիներ շարունակ պատասխան չեն ստանում անկախ նրանից, որ կողմից ցանկալի պատասխան պիտի գա, ուղղակի այստեղ կա մի բացատրություն և արդարացում, դա դատավորների սահմանափակ քանակն է Հայաստանում»:

Դատական իշխանությունից զատ, վարչապետը երեկ էլ սլաքներն ուղղել էր լրատվամիջոցներին։ Նախկին լրագրող, այսօր վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովում առաջարկել էր որևէ հրապարակում անարձագանք չթողնել։

«Կարծում եմ, որ այդտեղ ունի նաև դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները աս կամ այն պաշտոնյայի կողմից տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ էդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա: Եթե ճիշտ չէ, ուրեմն պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ և հետևողական լինել: Թող երկու տարի հետո լինի որոշումը», - ասաց կառավարության ղեկավարը:

Վարչապետի կոչը՝ դատական գործերով փորձել հերքել պաշտոնյաների մասին տարածվող տեղեկությունները, անընդունելի է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանի համար։ Վարչապետը, կարծում է, խրախուսում էր պաշտոնյաներին դատարաններ գնալ։

«Եթե խոսքը գնում է պաշտոնյաների մասին, ապա ժողովրդավարական երկրներում ընդունված է մի սկզբունք, որ իրենք պետք է հանդուրժող լինեն քննադատական հրապարակումների նկատմամբ և դիմեն լրագրողների ու լրատվամիջոցների դեմ դատարան: Ես կարծում եմ, որ երկրի ղեկավար կոչը հենց այդպիսին պետք է լիներ», - նշեց Նավասարդյանը:

Մամուլում հրապարակումներ եղան վարչապետի քաղաքական թիմի մերձավորների մեծացող ունեցվածքի, պետական մրցույթներում նրանց արձանագրած հաջողությունների մասին։ Վերջին ասուլիսում Փաշինյանը բացառել էր իր թիմակիցների կոռումպացվածությունը, պատասխանել էր ԱԺ նախագահի եղբոր օրինակով, ի՞նչ է աշխատելու իրավունք չունի։

XS
SM
MD
LG