Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի՝ հաջորդ շաբաթ Պեկին կատարելիք այցը հետաձգվում է: Պետքարտուղարի որոշումը կապված է Միացյալ Նահանգների օդային տարածքում, ենթադրաբար չինական, լրտեսական օդապարիկի հայտնվելու հետ:
Բլինքենը պետք է Պեկին մեկներ փետրվարի 5-ից 6-ը: Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմը չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել այդ օդապարիկի պատմությունից: Միաժամանակ, ամերիկացիները չեն ուզում, որ օդապարիկի հարցը հանդիպումների ընթացքում դառնա քննարկումների գլխավոր թեմա:
Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը երեկ ասել է, որ հետախուզական օդապարիկը Միացյալ Նահանգների օդային տարածքում է, «մեծ բարձրության վրա, և մարդկանց համար ռազմական կամ ֆիզիկական վտանգ չի ներկայացնում»:
Միաժամանակ նա նշել է, թե օդապարիկը ոչնչացնելու փորձը կարող է վտանգավոր լինել, հաշվի առնելով դրա մեծ չափը:
Չինաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե «աերոստատը Չինաստանից է հասել Միացյալ Նահանգների օդային տարածք, այն ունի բացառապես քաղաքացիական բնույթ և օգտագործվում է օդերևութաբանական հետազոտությունների համար»:
Ըստ Պեկինի, աերոստատն ուժեղ քամուց կորցրել է կառավարելիությունը և շեղվել հաստատված ճանապարհից: