Մատչելիության հղումներ

Երանի երկրում խաղաղություն լինի, մենք էլ կարողանանք հանգիստ զբաղվել մեր երաժշտությամբ. Էդվարդ Թոփչյան


Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, անվանի ջութակահար Ջորջո Թուդորաքեի մասնակցությամբ։

Ծրագրում կհնչեն Սիբելիուսի 1903 թվականին գրված Ջութակի կոնցերտը և Մոցարտի 36-րդ սիմֆոնիան։

«Ազատության» հետ հարցազրույցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ընդգծում էր, որ այս համերգաշրջանը խիստ հագեցած է նվագախմբի համար ամենատարբեր համերգային ծրագրերով. - «Ընդհանրապես մենք այս կիսամյակը շատ գեղեցիկ ծրագրեր ենք նվագում և նվագախմբի համար շատ օգտակար։ Ունենք հրավիրյալ շատ լավ երաժիշտներ։ Օրինակ, ունենք դիրիժորներ, որոնք Հայաստանում այդքան հայտնի չեն, բայց շատ մեծ վարպետներ և շատ նուրբ երաժիշտներ են։ Իրականում իրենք շատ հայտնի են Եվրոպայում, բայց էստեղ ավելի քիչ գիտեն։ Այսինքն՝ շեշտը շատ դրված է էլի նվագախմբի զարգացման վրա։ Մյուս ծրագիրը Մոցարտ ու Շուբերտ է, հետո մի ամբողջ ծրագիր Ռիխարդ Շտրաուս ունենք՝ «Ինչպես խոսեց Զրադաշտը», «Թիլ Օյլենշպիգել» և Գալարափողի երկրորդ կոնցերտը և այդպես շարունակ։ Բրուկներ սիմֆոնիաներ ունենք, չնայած Բրուկների տարին եկող տարի է, և այն ժամանակ պիտի նվագենք բոլոր սիմֆոնիաները։ Կիսամյակը և համերգաշրջանը կփակենք Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայով, շատ մեծ երգիչների հետ, համերգային կատարմամբ։ Ես շատ բացակայելու են Հայաստանից, բայց այդ ընթացքում գալու են շատ լավ դիրիժորներ, մենակատարներ։ Շատ գեղեցիկ կիսամյակ ունենք մենք»։

«Ազատություն». - Դուք շարունակում եք նաև ձեր ավանդույթը՝ համերգային կատարմամբ ներկայացնել օպերաներ։

Թոփչյան. - Այո, երկու օպերաներ տարին մենք ունենում ենք։ Այս տարի ունեինք «Տոսկան», և հիմա երկրորդը կլինի «Պիկովայա դաման»։ Շատ երկար տարիներ էստեղ չի հնչել 90-ականներից հետո»։

«Ազատություն». - Դուք ինքներդ մեկնելու եք հյուրախաղերի։

Թոփչյան. - Այո։ Շատ երկար հյուրախաղեր ունեմ։

«Ազատություն». - Իսկ նվագախմբի հետ հյուրախաղեր ունե՞ք այս տարի։

Թոփչյան. - Ունենք։ Եվ ունենք Ռուսաստան, և ունենք Իտալիա։ Հետո նորից ունենք առանձին Պետերբուրգ, որ շատ կարևոր է։ Խաչատրյանի 120-ամյակը նաև ունենք նշելու։ Եվ գալիք տարվա սկզբին Ամերիկա մեծ հյուրախաղեր ունենք, շատ բարձր մակարդակի։ Այսինքն՝ լավ է։ Երանի երկրում խաղաղություն լինի, մենք էլ կարողանանք հանգիստ զբաղվել մեր երաժշտությամբ և մեր ունկնդրին լավ երաժշտություն պարգևենք։

«Ազատություն». - Աշխարհը այսպիսի փոթորկոտ իրավիճակում է, բայց երաժշտությունը այնուամենայնիվ դիմակայում է։ Մարդիկ գնում են համերգների։ Սա ինչպե՞ս եք բացատրում։

Թոփչյան. - Ես որևէ գնահատական չեմ կարող տալ և իրավունք չունեմ տալու։ Ես այդքան չեմ հասկանում։ Մենակ ես որ նայում եմ պատմությանը, իսկ ե՞րբ է աշխարհում խաղաղություն եղել։ Միշտ ինչ-որ մարդիկ տանջել են մյուսներին, կամ ինչ-որ մարդիկ արդարություն են պահանջել։ Անվերջանալի է եղել։ Ես իհարկե չեմ հասկանում, թե ինչու մարդիկ չեն կարողանում կոպիտ ասած՝ հանգիստ վեր ընկնեն իրենց տեղը այդ միջինը վաթսուն տարին, որ իրենց տրված է ապրելու։ Ինձ համար դա անհասկանալի է, և ես գտնում եմ, որ ոչ մեկը ժամանակից շուտ չպետք է ինչ-որ պատճառով զոհվի... չկա էդպիսի պատճառ։ Հաճախ մեզ մոտ հնչում է՝ «զոհվենք հանուն հայրենիքի», էդպիսի բան չկա։ Հանուն հայրենիքի պետք է ապրել, պետք է հայրենիքում ապրել, պետք է հայրենիքը ավելի բարձրացնել, ծաղկացնել, գեղեցկացնել, ոչ թե զոհվել հանուն հայրենիքի։ Իհարկե, այս պատերազմները, այս տգեղ աշխարհը միշտ եղել է, ուղղակի ես շատ եմ ուզում, որ Հայաստանում արդեն շատ փոքր ենք և շատ քիչ ենք մնացել, մեզ մոտ խաղաղ լինի։ Եվ որպես հայ, իհարկե առաջին հերթին ուզում եմ, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի։ Բոլոր երիտասարդները զարգանան, ոչ թե մտածեն, որ հիմա պետք է գնան հայրենիքը պաշտպանելու, ոմանք էլ հետ չգան։ Էդպիսի բան ուզում եմ չլինի։ Իհարկե, թող աշխարհում էլ չլինի, բայց առաջին հերթին մեր այս փոքր հողի վրա թող այլևս խաղաղություն լինի։ Գիտեմ, որ մի քիչ ուտոպիստական բան եմ ասում, բայց գուցեև լինի, գուցե ինչ-որ քաղաքական որոշում գտնվի, որ այլևս մեր քաղաքացիները, մեր երիտասարդները չգնան պատերազմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG