Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին մի քանի օրվա ընթացքում երկրի հյուսիսում հետևում է հետախուզական օդապարիկին, որը, ենթադրաբար, չինական է, լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ Պատրիկ Ռայդերը:
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ օդապարիկը դեռ գտնվում է ԱՄՆ-ի վրա, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ:
Գեներալը հայտնել է, որ օդապարիկը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար, քանի որ շատ բարձր է գտնվում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վստահ է, որ օդապարիկը պատկանում է Չինաստանին, և իրենք կապ են հաստատել Չինաստանի կառավարության հետ «Վաշինգտոնի և Պեկինի մի քանի ուղիներով»։ Ռայդերը, այդուհանդերձ, չի հստակեցրել, թե արդյոք Պեկինը հաստատե՞լ է, որ օդապարիկը պատկանում է Չինաստանին։