Մատչելիության հղումներ

Ինչ էին բանակցում, և ինչ էր պահանջում միջազգային համայնքը Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Ուղիղ 25 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով, որ իր առջև դրվե՛լ է նման պահանջ հայտնի ուժերի կողմից:

«Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք՝ դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր», - ասաց նա։

Հրաժարականի 4-րոպեանոց ելույթում Տեր-Պետրոսյանը չհստակեցրեց` ովքեր են այդ հայտնի ուժերը, ինչու և ինչպես են նման պահանջ դրել Նախագահի առջև: Ակնարկեց, թե ժամանակը կտա այդ հարցերի պատասխանները:

Հիմա Միացյալ Նահանգների Պետդեպի արխիվներում ի հայտ են գալիս գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն հայաստանյան ներքաղաքական տարաձայնությունների, այլև միջազգային համայնքի կողմից փակ դռների ետևում ներկայացված պահանջների մասին:

Փաստացի, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը սկսել էր ակտիվանալ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ տարի առաջ` 97-ին: Դրան նպաստող երկու գործոն կար. նախ, Ադրբեջանը սկսել էր առաջին պայմանագրերը կնքել գազատարների ու նավթամուղների անցկացման շուրջ, և Արևմուտքը շահագրգիռ էր, որ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատվի: Մյուս կողմից, այդ տարվա հունվարին կազմավորվել էր նոր ձևաչափ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահությունը: Ինչպես Պետդեպի դիվանագիտական հեռագրերն են վկայում, այդ փուլում բոլոր երեքի շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը:

Ուստի, համանախագահության հիմնումից մեկ ամիս անց արդեն` փետրվարին, հարցը մտնում է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ Փարիզում կայացած հանդիպման օրակարգ։ Արևմտյան երկու առաջնորդները ընդգծում են՝ պետք է մեկ միասնական ճակատ կազմել և վերջ տալ այս պատմությանը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

Շաբաթներ անց՝ փետրվարին, Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին և խնդրում փոխանցել նախագահ Տեր-Պետրոսյանին՝ Ղարաբաղով այլևս զբաղվում են երեք գերտերություններ, և այս փաստը չպետք է անտեսել։

«Երեք կարևոր երկրներ` կարևոր շահերով, նաև ստանձնել են պատասխանատվություն։ Թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ֆրանսիայում և Ռուսաստանում գնալով մեծանում է շահերի համախմբումը՝ կողմերին առաջ մղելու հարցում։ Տեր-Պետրոսյանը չպետք է աչք փակի՝ ճնշում է լինելու», - ըստ գաղտնազերծված փաստաթղթի, զգուշացնում է Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ)։

Որ միջնորդները լուրջ էին բանակցություններն ակտիվացնելու իրենց ջանքերում՝ երևում է դիվանագիտական հաջորդ հեռագրից. օրեր անց ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպում է նախ ֆրանսիացի ու ռուս գործընկերների`Ժաք Բլոթի ու Բորիս Պաստուխովի, ապա՝ Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հետ: Բոլոր երեք հանդիպումներում բոլոր երեք կողմերն ընդգծում են, որ պատրաստ են հանդես գալ մեկ ճակատով և ակտիվացնել ճնշումները, որպեսզի կողմերը զիջումների գնան: Որոշվում է հարցը ներառել դրանից մեկ ամիս անց՝ ապրիլին Հելսինկիում կայանալիք Ելցին-Քլինթոն հանդիպման օրակարգում։ Թեման բացում է Միացյալ Նահանգների նախագահը` աշխատանքային ճաշի ժամանակ:

ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը
ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը


«Ես ուզում եմ ընդարձակել մեր համագործակցությունը արտաքին քաղաքականության հարցերի, մեկը՝ Ղարաբաղի շուրջ: Դրա լուծումը բխում է բոլորիս շահերից, և ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեռյալ կետից առաջ շարժվելու համար», - ասում է Քլինթոնը:

Ելցինն ի պատասխան պնդում է` Մոսկվան միայն ուրախ է Վաշինգտոնի ներգրավվածությունից. «Մենք չենք խանդի, վստահ եմ, որ ձեր ազդեցությունը դրական կլինի» (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը
ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը


«Հրադադարը վստահություն է ներշնչել հայերին ու ադրբեջանցիներին, և նրանք հակված չեն գնալ զիջումների: Բայց մենք պետք է հասկացնենք կողմերին, որ նրանց համառությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների», - խորհուրդ է տալիս Պրիմակովը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Հաջորդ օրն իսկ Ամերիկայի փոխպետքարտուղարը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի փոխարտգործնախարար Օյմենի հետ:

«Օյմենը պատմեց, որ ինքը դրանից մի քանի օր առաջ Ստամբուլում մասնավոր զրույց է ունեցել Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Իվանովի հետ, ով ասել է, թե Մոսկվան պատրաստ է առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթե Իվանովը նման զգացողություն ունի, ուրեմն արժե փորձել», - ասված է Պետդեպի գաղտնի փաստաթղթում (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Դրանից երկու շաբաթ անց արդեն երեք միջնորդները հանդիպում են Վաշինգտոնում և առաջին անգամ համատեղում իրենց գաղափարները` կազմելով մեկ միասնական փաստաթուղթ:

Օրեր անց համատեղ այդ փաստաթուղթը քննարկվում և ընդունվում է նախագահների մակարդակով` Քլինթոնի, Ելցինի ու Շիրակի փարիզյան հանդիպման ժամանակ:

«Ղարաբաղյան հարցի կարգավորումը շատ հարցեր կլուծի այսօր և կձերբազատի մեզ բազմաթիվ խնդիրներից, որ կարող են ծագել վաղը», - ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի՝ ասում է Քլինթոնը Ելցինին (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Մայիսի վերջին արդեն միջնորդները այդ փաստաթուղթը, որը հետո հայտնի դարձավ որպես փաթեթային տարբերակ, բերում են տարածաշրջան: Հայաստանի նախագահի հետ հանդիպման առաջին րոպեներից մինչև վերջին պահը բանագնացները միևնույն միտքն են ընդգծում՝ իրենք միասնական են և լուրջ են տրամադրված (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

«Երեք երկրները՝ նախագահներից սկսած մինչև նրանց կառավարություններ, ամենայն պատասխանատվությամբ տքնաջան աշխատել են խաղաղության գործընթացն առաջ տանելու համար», - ըստ գաղտնազերծված փաստաթղթի ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարը Տեր-Պետրոսյանին, ընդգծելով՝ «միջազգային համայնքն ակնկալում է, որ կողմերն իրենց ջանքերին պատշաճ լրջությամբ կարձագանքեն»:

Ֆրանսիացի միջնորդ Ժաք Բլոթը զգուշացնում է. «Նախկինում կողմերը հակված էին խաղալ միջնորդ երկրների տարաձայնությունների վրա` նրանց հանելով մեկը մյուսի դեմ, սակայն հիմա համանախագահները միասնական են»:

Ռուսաստանի դեսպանը ևս հավաստում է. «Ժամանակն է հասնել համաձայնության»:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները, իրենց հերթին, այդ օրերին Դենվերում`«Մեծ ութնյակի» գագաթնաժողովում, առաջին համատեղ հայտարարությունն են ընդունում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Զինադադարն ինքնին բավարար չէ: Միջազգային հանրությունը հորդորում է հասնել վերջնական կարգավորման, և մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը չպետք է ձգձգվի», - հայտարարել էին Ելցինը, Քլինթոնը և Շիրակը:

Չնայած եռանախագահության աննախադեպ այս ջանքերին ու միասնությանը՝ տեղում բանակցությունները առաջ չեն գնում:

«Կարծում եմ` մենք պետք է գործի անցնենք, քանի որ եթե չանենք, մեզ խրտվիլակի տեղ կդնեն», - Դենվերում հանդիպելով պետքարտուղար Օլբրայթին` ասում է Ռուսաստանի արտգործնախարարը՝ առաջարկելով կիրառել սպառնալիքներ ու պատժամիջոցներ․ «Մենք պետք է ատամ ցույց տանք: Դո՛ւք`ամերիկացինե՛րդ, կարող եք ինչ֊որ բան անել ազերիների հետ` որպես լծակ օգտագործելով նավթը: Կարող եք ասել, որ եթե գործը գլուխ չգա, չեք քաջալերի ձեր ընկերություններին օգնել Ադրբեջանին նավթի արդյունահանման հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք զենքը կօգտագործենք որպես լծակ, այլ կերպ ասած` Ռուսաստանը կարող է սպառնալ Հայաստանին, թե զենք չի տա, իսկ դուք կարող եք նավթի գործոնն առաջ տանել» (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Չնայած այս զգուշացումներին` Ստեփանակերտն ու Բաքուն կտրականապես մերժում են փաթեթային տարբերակը: Մոտ երկու ամսից համանախագահները ներկայացնում են նոր` փուլային պլանը, որի հիմքում շարունակում են մնալ միևնույն սկզբունքները, բայց ընտրվում է իրականացման, այսպես ասած, երկարաձգված տարբերակը: Մասնավորապես, եթե առաջինը` փաթեթայինը, ենթադրում էր, որ տարածքների վերադարձն ու կարգավիճակի որոշումը պետք է լինեն միաժամանակ, ապա հիմա միջնորդները առաջարկում են նախ ազատագրել տարածքները, վերադարձնել փախստականներին, ապահովել Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը, ապա` անդրադառնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Ղարաբաղի կարգավիճակի հարցերին:

Համանախագահների հետևողական այս ջանքերի ֆոնին՝ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ասուլիս է հրավիրում և արձանագրում, թե որքան վտանգավոր է հայկական կողմի համար դեմ գնալ միջազգային հանրության կամքին. «Ի՞նչ է, միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 կամ 30 տարի պահպանվի՞ այս վիճակը։ Դա բացառված է, և միջազգային հանրությունը կգտնի ձևեր, միջոցներ՝ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլև շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել»։

Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Տեր-Պետրոսյանի ասուլիսից երեք օր անց Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովը հանդիպում է ԱՄՆ փոխպետքարտուղարին ու զգուշացնում՝ Տեր-Պետրոսյանը լուրջ քննադատության թիրախում է հայտնվել խիզախ դիրքորոշման համար, և նրան պետք է աջակցել: Տարածաշրջանին քաջածանոթ Պրիմակովն ընդգծում է` «վաղ թե ուշ անհրաժեշտ է լինելու ճնշում բանեցնել Լեռնային Ղարաբաղի վրա» (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Միջնորդները սկսում են քննարկել` ինչպես համոզել Ստեփանակերտին: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հոկտեմբերին, Ստրասբուրգում հանդիպելով Հայաստանի նախագահին, առաջարկում է վարչապետ դարձած Քոչարյանին ու մյուս ազդեցիկ ղարաբաղցիներին հրավիրել Փարիզ:

Հայաստանի և Ֆրանսիայի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ժակ Շիրակը
Հայաստանի և Ֆրանսիայի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ժակ Շիրակը


«Նպատակն է ճնշել, որ նրանք համաձայնության գան: Հետո Քոչարյանը կարող է հրավիրվել Մոսկվա, ապա` Նյու Յորք, որտեղ ևս նրան միևնույն բանը կասվի», - ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի՝ առաջարկել է Ֆրանսիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ փոխպետքարտուղարին (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Գաղափարը, սակայն, որևէ արդյունք չի տալիս: Քոչարյանի այցից հետո Ֆրանսիայի փոխարտգործնախարարը գաղտնի հեռագրով փոխանցում է Վաշինգտոն. «Մեզ չհաջողվեց որևէ իրական փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում, և մենք բանակցությունների սկսման որևէ իրական հեռանկար չենք տեսնում» (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Հայաստանի նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը
Հայաստանի նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը


Փորձելով բացատրել միջազգային համայնքին կտրուկ մերժելու այդ ֆենոմենը` միջնորդներն անգամ ենթադրում են, թե գուցե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը համաձայնեցված խաղ են խաղում․ մեկը մերժում է միջնորդներին, մյուսը` հայտարարում, թե պատրաստ է փոխզիջումների:

Մինչդեռ, իրականում ամեն ինչ ավելի քան լուրջ էր․ Երևանում ներիշխանական պայքարը խորանում էր ժամ առ ժամ: Առաջինը, ըստ դիվանագիտական գաղտնի հեռագրերի, այդ մասին կռահում է Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը:

Տեր-Պետրոսյանի հրաժարականից դեռ մեկ ամիս առաջ` հունվարին, Շվեդիայում հանդիպելով ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին՝ Պրիմակովն ասում է. «Քոչարյանն ուզում է դառնալ Հայաստանի նախագահ: Ղարաբաղի հայերը խոչընդոտ են, եկեք իզուր այս հարցի շուրջ ջուր չծեծենք, փոխարենը քննարկենք` ինչ կարող ենք անել» (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Պրիմակովն առաջարկում է խստացնել ճնշումները Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ ու շտապ կարգով այնտեղ դիվանագիտական դեսանտ իջեցնել:

«Եթե Մինսկի խմբի միջնորդները մեկնեն Ստեփանակերտ՝ որպես, այսպես ասած, երեք շատ լուրջ երկրների ներկայացուցիչներ, դա ինչ-որ արդյունք կունենա: Դա ցույց կտա, որ ընդդիմանալով խաղաղ կարգավորմանը՝ նրանք դեմ են գնում ողջ աշխարհի կամքին», - գաղտնի հեռագրի համաձայն, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը փոխպետքարտուղարին:

Թալբոթը համաձայնում է` անհրաժեշտ է աջակցել Տեր-Պետրոսյանին, ընդունում է, որ նրա ու Քոչարյանի միջև իրական պայքար է սկսվել: Միաժամանակ, հրաժարվում է մեկնել Ստեփանակերտ ու Պրիմակովին ցնցող մանրամասներ պատմում միջնորդների` Ղարաբաղ կատարած վերջին այցի վերաբերյալ:

«Վերջին անգամ Արկադի Ղուկասյանը մեզ՝ համանախագահներիս համեմատեց ստալինյան բռնաճնշումների ժամանակ գործող տխրահռչակ тройка-ների հետ, մեղադրեց մեզ Ղարաբաղի հայերի բնաջնջումը կազմակերպելու մեջ: Ես չեմ շտապում ևս մեկ անգամ նման ընդունելության արժանանալ», - խոստովանում է ԱՄՆ փոխպետքարտուղարը:

Դիվանագետները որոշում են մի քանի օրից կրկին հանդիպել Փարիզում: Մինչ այդ՝ Պրիմակով-Թալբոթ այս զրույցից երկու շաբաթ անց, Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս։

«Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն», - իր խոսքում նշում է առաջին նախագահը։

Այդ օրերին սեղանին դրված տարբերակն առաջարկում էր դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից` բացառությամբ Լաչինի, կողմերի միջև ստեղծել բաժանարար գիծ` բուֆերային գոտի, որն ամբողջությամբ պետք է մնար չբնակեցված և ԵԱՀԿ ուժերի հսկողության տակ: Լաչինի միջանցքը պետք է լիներ ոչ թե այսօրվա պես՝ 5, այլ` 22 կմ, և Ադրբեջանը այն պետք է վարձակալության տար ԵԱՀԿ-ին, որն իր հերթին պետք է օգտագործման հանձներ Արցախի իշխանություններին:

Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար իր սեփական դրոշը, զինանշանը, օրհներգը և Սահմանադրությունը: Քաղաքացիները կարող էին զինվորական ծառայությունն անցնել Ղարաբաղի տարածքում, իսկ Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չէին ունենալու մտնել Լեռնային Ղարաբաղ առանց տեղական իշխանությունների թույլտվության: Ստեփանակերտը նաև իրավունք էր ստանում արտաքին կապեր հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի և մարդասիրական հարցերի ոլորտներում: Այս քայլերից հետո արդեն` հաջորդ փուլում, առաջարկվում էր անցնել կարգավիճակի հստակեցմանը: Մինչ այդ միջազգային համայնքը խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել` դառնալով անվտանգության երաշխավոր:

Դիվանագիտական փաստաթղթերը վկայում են, որ հարցի շուրջ դռնփակ բանակցություններում միջնորդները շարունակ ընդգծել են՝ սա լավագույնն է, որ անցել է իրենց մտքով, և լավագույնը, որ իրենք կարող են առաջարկել կողմերին: Զուգահեռ, գերտերությունները զգուշացնում էին հայկական կողմին` չգնալով լուծման՝ Հայաստանը կորցնում է զարգացման ու բարգավաճման հնարավորությունները:

«Ժամանակը աշխատում է Երևանի դեմ. մինչ Ադրբեջանը հարստանում է, Հայաստանը գտնվում է լճացման մեջ», - ըստ Մոսկվայից Վաշինգտոն ուղարկված դիվանագիտական հեռագրի՝ 97-ին ասել էր Պրիմակովը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ)։

«1997-ը գազամուղների ու տրանսպորտային գծերի հարցով որոշում կայացնելու տարի է։ Եթե հայկական կողմը չկարողանա մասնակցել տարածաշրջանային զարգացումներին, դա թանկ կնստի Հայաստանի վրա, ինչը որևէ մեկի շահերից չի բխում», - դրանից ամիսներ առաջ զգուշացրել էր Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը Հայաստանի արտգործնախարարին։

Փոխպետքարտուղար Սրթոբ Թալբոթն էլ ընդգծել էր` Հայաստանի մասնակցությունը էներգետիկ ծրագրերին ու տարածաշրջանային նախագծերին կախված է ղարաբաղյան խնդրի կարգավորումից (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

«Նախագահ Քլինթոնի համոզմամբ, անհրաժեշտ է Հայաստանը մասնակից դարձնել տարածաշրջանում սպասվող տնտեսական աճին», - դիվանագիտական փաստաթղթերից մեկի համաձայն՝ ասել էր Սթրոբ Թալբոթը: Բարձրաստիճան դիվանագետը խոսել էր «Նաիրիտի» վերագործարկման հնարավորության մասին ու միաժամանակ զգուշացրել. «Սա ցույց է տալիս, թե ինչ ծրագրեր են տապալվում հակամարտության պատճառով։ Որևէ բան տեղի չի ունենա առանց խաղաղության»:

Առաջին նախագահի հրաժարականից հետո` ավելի քան երկու տասնամյակ, Հայաստանի բոլոր երեք առաջնորդները որդեգրեցին ստատուս քվոն պահելու քաղաքականությունը: Բոլոր երեքն իրենց իշխանության տարբեր փուլերում Տեր-Պետրոսյանին մեղադրեցին պարտվողականության ու դավաճանության մեջ:

XS
SM
MD
LG