Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Երևանում մենահամերգով հանդես կգա Դենիս Մացուևը


«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի ղեկավարության հրավերով երկօրյա հյուրախաղերով երեկ Հայաստան է ժամանել հանրահայտ դաշնակահար, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Դենիս Մացուևը։

Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Մացուևը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագիրն ընդգրկում է միայն Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Սիմֆոնիկ պարերը և հանրահայտ Դաշնամուրի 3-րդ կոնցերտը։ Իսկ վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Մացուևի մենահամերը, որի ընթացքում կհնչեն Չայկովսկու, Ռախմանինովի և Մուսորգսկու ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ Մացուևը առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել 2011 թվականին կրկին «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի նախաձեռնությամբ՝ ելույթ ունենալով Գերգիևի ղեկավարած նվագախմբի նվագակցությամբ։

Արդեն 24 տարի է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայ երաժշտասեր հանրության համար հնարավորություն է ստեղծում ունկնդրել համաշխարհային լավագույն երաժիշտ կատարողներին։ Փառատոնի հիմնադիրներ Ստեփան Ռոստոմյանին և Սոնա Հովհաննիսյանին հաջողվել է հյուրախաղերի հրավիրել երաժշտական աշխարհի ամենահայտնի դեմքերին և նվագախմբերին։ Իհարկե, տարիների ընթացքում հիմնադրվեցին նաև այլ երաժշտական փառատոներ Էդվարդ Թոփչյանի, Սերգեյ Սմբատյանի և այլ անվանի երաժիշտների կողմից, բայց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն առաջինն էր, որ ապահովեց համաշխարհային հռչակ վայելող երաժիշտների հյուրախաղերը Հայաստանում։

Եվ ահա փառատոնն այս տարին սկսվում է Մացուևի հնչեղ հյուրախաղերով։ Փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանի խոսքով, տարիներ են աշխատել այս հյուրախաղերը կազմակերպելու համար. - «Առաջին անգամ է ինքը մենահամերգով հանդես գալիս Հայաստանում։ Մի անգամ ինքը եղել է փառատոնի շրջանակներում, բայց դա մենահամերգ չէր։ Շչեդրինի հետ եկավ Հայաստան, Շչեդրինը բերեց իրեն Գերգիևի հետ, և նվագեց Շչեդրինի դաշնամուրի կոնցերտը։ Շատ ուրախ եմ, որ էդ կարգի մեծության դասական երաժշտության աստղերից մեկը Հայաստանում է։ Երաժիշտ, որին նկարագրելու առիթ չկա, որովհետև աշխարհի ամենամեծ բեմերը գրաված, մեծագույն դիրիժորների հետ ձայնագրված։ Համակողմանի երաժիշտ է և ինքը մեծ երաժիշտ է։ Ցավոք, այսօրվա էս բարդ քաղաքական պայմանների մեջ մարդիկ զոհ են դառնալու քաղաքականության, երաժիշտների մուտքը փակվում է աշխարհի բեմեր, բայց դրանից մեծությունը չի փոքրանում»։

Ստեփան Ռոստոմյանը հավելում է, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մեր երաժշտասերներն այս տարի հնարավորություն կունենան ունկնդրելու նաև այլ նշանավոր երաժիշտների, ինչպիսին է, օրինակ, հույն աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը. - «Շատ երկար տարիներ մենք սպասել ենք Կավակոսի այցը Հայաստան։ Աշխարհի էսօրվա համար մեկ ջութակահարն է։ Շատ երկար տարիներ... շատ բարդ էր իրա Հայաստան գալը։ Հիմա ես ուրախ եմ, որ այս տարի մայիսի 27-ին և 28-ին իր երկու համերգներն են լինելու Հայաստանում։ Բացառիկ հաջողություն է լինելու։ Տասնյակ տարիներ մենք մշտապես ձգտել ենք իրան բերել Հայաստան»։

Փառատոնի շրջանակներում Հայաստանում այս տարի հանդես կգան նաև աշխարհահռչակ ջութակահարուհի Աննա Սոֆի Մուտերը, համաշխարհային հռչակի տեր օպերային երգիչ, տենոր Ռոլանդո Վիլազոնը և ուրիշներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG