Պաշտոնական Երևանն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմում կրոնական քրիստոնեական հաստատությունների, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ բռնությունների կապակցությամբ:
«Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ», - Թվիթերում գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը, երեկ տեղեկացրել է, որ «հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային»:
Ըստ Գոգչյանի՝ «դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները»: