Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե հետաքրքրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով:
«Դրանք [բանակցությունները] ինձ համար հետաքրքիր չեն: Հետաքրքրված չեմ հանդիպել նրան, զրուցել նրա հետ: Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է հիմա որոշումներ կայացնում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին Sky News բրիտանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա ավելացրել է, թե Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայից» հետո Պուտինն իր համար «ոչ ոք է դարձել»:
Ավելի վաղ Զելենսկին հատուկ հրամանագրով արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ ասել է, որ Մոսկվայի և Կիևի բանակցությունները հիմա իսկապես անհնարին են, «քանի որ դրանց համար պայմաններ չկան ոչ դե-ֆակտո, ոչ էլ դե-յուրե»: