Մատչելիության հղումներ

2018-ի հեղափոխության 5-րդ տարում Շիրակի մարզում 5-րդ մարզպետը նշանակվեց


Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյան
Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյան

Իշխող կուսակցության անդամ Նազելի Բաղդասարյանին այսօրվանից փոխարինում է Մուշեղ Մուրադյանը։

Նորանշանակ մարզպետը «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենն էր, նախկին ու ներկա իշխանությունների օրոք երկար տարիներ եղել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետը։

«Շնորհակալություն վստահության համար։ Վստահ եմ, կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները», - այսօր կառավարության նիստում խոստացավ Մուրադյանը։

Նազելի Բաղդասարյան
Նազելի Բաղդասարյան

«Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը, որովհետև հայերնի մարզին ծառայելը, կարխում եմ, խիստ պատվաբեր է յուրաքանչյուրիս համար։ Եվ ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որոնք մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն», - ասաց արդեն նախկին մարզպետ Բաղդասարյանը։

Մուշեղ Մուրադյանն «Ազատությանն» ասաց, որ ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու դիմում է ներկայացրել, բայց դեռ պատասխանը չի ստացել։ Իսկ ահա մեկ տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած Նազելի Բաղդասարյանը երե'կ տեղեկացրեց, որ հրաժարական է տալիս, թեև տեղեկությունը արդեն մի քանի շաբաթ է շրջանառվում էր։

Այսօր կառավարության նիստից հետո Բաղդասարյանը պնդեց, թե դիմումը սեփական նախաձեռնությամբ է գրել՝ այդպես էլ, սակայն, չհստակեցնելով պատճառը. - «Պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր պետական պաշտոն ունի սկիզբ և ունի ավարտ։ Սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական գրել և տեղափոխվել եմ մասնագիտական ոլորտ, տևական ժամանակ քննարկվում էր։ Թերևս սրանով է պայմանավորված»։

Բաղդասարյանի հրաժարականի երկու տարբերակ է շրջանառվում. նախ անցած տարի Անի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը։ Իշխող ուժն այստեղ ևս կիրառեց բոյկոտի տարբերակը, ինչի հետևանքով համայնքի ղեկավար չընտրվեց ու արտահերթ ընտրություններ նշանակվեցին։

«Անի համայնքում առաջիկայում ընտրություններ են, և
Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» հիմա ունի համայնքի ղեկավարի պաշտոնակար։ Ի՞նչ պարտության մասին է խոսքը», - այս առնչությամբ այսօր ասաց նախկին մարզպետը։

Հաջորդը կապում են եղբոր՝ Արման Բաղդասարյանի հետ։ Վերջինս Գյումրու ավագանու անդամ էր, բայց նախ դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, ապա նաև մանդատը վայր դրեց։

Այս կապակցությամբ Նազելի Բաղդասարյանն ասաց. - «Հասուն քաղաքացի է, ունի իր դիրքորոշումը»։

Վերջերս էլ ոստիկանները արդեն նախկին մարզպետի եղբորը բերման էին ենթարկել՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Բաղդասարյանն ասաց. - «Ոստիկանությունը պարզաբանում տվել է, որ որևէ բան չեն գտել, մարդիկ իրենց գործողություններն են իրականացրել»։

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Շիրակի մարզի նախկին չորս ղեկավարները կամ մեկ տարի, կամ էլ դրանից պակաս են պաշտոնավարել։ Ի՞նչն է պատճառը, որ Շիրակի մարզում մարզպետները երկար չեն մնում։

Նազելի Բադասարյանը 2021-ին Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվեց ու Շիրակի մարզպետ նշանակվեց։ Նա ինչպես հրաժարականի պատճառը չներկայացրեց, այնպես էլ չբացահայտեց, թե արդյոք առաջիկայում այլ պաշտոնի է նշանակվելու։

XS
SM
MD
LG