Մատչելիության հղումներ

Սալամի․ «Եվրոպան անցյալի սխալներից դասեր չի քաղել»


Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին քննադատել է Եվրախորհրդարանի կողմից չորեքշաբթի օրը հաստատված բանաձևը։

Փաստաթղթում պատգամավորները կոչ էին անում ԵՄ ղեկավար մարմիններին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» դասել ահաբեկչական կազմակերպությունների թվին՝ նման քայլը պատճառաբանելով այս կառույցի կողմից բողոքի ցույցերի մասնակիցների դեմ բռնությունների կիրառմամբ և Մոսկվային իրանական արտադրության ԱԹՍ-ների վաճառքով։

«Եվրոպան անցյալում կատարած իր սխալներից այդպես էլ ոչ մի դաս չի քաղել։ Նրանց թվում է, թե այդ քայլով կարողանալու են ապակայունացնել հավատով ու կամքով լի մեր կորպուսը», - այսօր Թեհրանում հայտարարել է գեներալ Սալամին։

«Եվրոպայից հնչող նման հայտարարությունները մեզ չեն մտահոգում։ Երբ մեր թշնամիները մեզ գործելու հնարավորություն են տալիս, մենք ավելի ենք ուժեղանում։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» իրական աշխարհում է գործում», - հայտարարել է իրանցի զինվորականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG