Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին դեմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ասել է, թե դեմ է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնմանը: Նա նաև կոչ է արել կառավարությանը խստացնել Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու պայմանները:

Վրաստանում իշխող քաղաքական կուսակցության՝ «Վրացական երազանքի» առաջատար գործիչները պնդում են, որ օդային հաղորդակցության վերականգնումը շահավետ է երկրի համար:

«Չվերթները միակողմանի կարգով են սահմանափակվել: Վրաստանը պատժամիջոցների տակ էր, ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե հաղորդակցությունը նրանց [ռուսների] կողմից վերականգնվի: Նույնիսկ ավելի լավ կլինի: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների թիվը մոտ մեկ միլիոն է, ուղիղ չվերթները նպաստավոր կլինեն նրանց համար», - երեկ ասել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» լիդերներից Կախա Կալաձեն:

Մինչդեռ, նախագահը հայտնել է, որ չի ողջունում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումը:

«Այն ժամանակ, երբ բոլոր գործընկեր պետությունները խոսքով ու գործով սատարում են Ուկրաինայի անձնուրաց պայքարին, ինձ համար և, համոզված եմ, շատերի համար, օդային հաղորդակցության հարցում Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, հասկանալի չէ», - ասվում է Զուրաբիշվիլիի հայտարարությունում:

Նախագահը նաև կոչ է անում մտցնել լրացուցիչ սահմանափակումներ Վրաստան ժամանող ռուսաստանցիների համար:

«Մեզ պետք է կանոնակարգել աշխատանքի թույլտվություն տրամադրելու, բիզնես գրանցելու, գույք ձեռք բերելու և ռուսական դպրոցներ բացելու ընթացակարգերը», - հայտարարել է Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG