Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսն անցած շաբաթավերջին գաղտնի այցով մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինական հետախուզության ղեկավարության հետ:
The Washington Post պարբերականի փոխանցմամբ, Բըրնսը Զելենսկուն տեղեկացրել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր ռազմական ծրագրերի մասին:
Ամերիկյան հետախուզությունը և արևմտյան փորձագետները չեն բացառում, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին Մոսկվան կձեռնարկի լայնածավալ հարձակում, փորձելով օգտվել ուկրաինական բանակի ռազմամթերքի պաշարների աստիճանական սպառման հանգամանքից:
Զելենսկին, ըստ The Washington Post-ի, հետաքրքրվել է Բըրնսից, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների կողմից Ուկրաինային սատարելու քաղաքականությունը կարող է փոխվել այն բանից հետո, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը մեծամասնությունը դեմոկրատականներից փոխանցվել է հանրապետականներին, և արդյոք դեր կխաղա այն, որ ըստ վերջին հարցումների, ամերիկացի ընտրողների շրջանում նվազել է Ուկրաինային սատարողների թիվը:
The Washington Post-ի աղբյուրը նշում է, որ Զելենսկին և նրա օգնականները հանդիպումից հետո հույս են հայտնել, որ Բայդենի վարչակարգը կշարունակի հզոր աջակցություն տրամադրել Ուկրաինանին:
Ուիլյամ Բըրնսը մինչ այդ Կիև է այցելել և ուկրաինացի ղեկավարների հետ է բանակցել անցյալ տարվա հոկտեմբերին և նոյեմբերին:
Բացի այդ, Բըրնսը 2022 թվականի նոյեմբերին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ: Դա եղել է երկու գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր:
Այդ հանդիպման ընթացքում Բըրնսը և Նարիշկինը քննարկել են Ռուսաստանի կողմից միջուկային սպառնալիքների մասին հնչեցված հայտարարությունները: