Մատչելիության հղումներ

Զելենսկին Արևմուտքին հորդորում է շտապ ՀՕՊ համակարգեր ու տանկեր տրամադրել Ուկրաինային


Ուկրաինայի նախագահն այսօր կրկին հորդորել է Արևուտքին չհապաղել և հնարավորինս շուտ Ուկրաինային հակաօդային համակարգեր և տանկեր տրամադրել։

«Հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը պետք է ավելի արագ լինի, քան Ռուսաստանի հաջորդ հրթիռային հարձակումները: Արևմտյան տանկերի մատակարարումները պետք ավելի արագ լինեն, քան ռուսական տանկերի հերթական ներխուժումը», - տեսակապով դիմելով Դավոսի տնտեսական համաժողովի մասնակիցներին՝ ասել է Վլադիմիր Զելենսկին։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, թե անհրաժեշտ է ակտիվացնել Ուկրաինային սպառազինության մատակարարումը, և անել դա հենց այս փուլում՝ պատերազմի վճռորոշ պահին։ Նրա կարծիքով, դա է արդեն 11 ամիս շարունակվող պատերազմն ավարտելու միակ հնարավորությունը. - «Պուտինը խաղաղության պատրաստ լինելու նշաններ ցույց չի տվել, ուստի նա պետք է գիտակցի, որ չի կարող հաղթել մարտի դաշտում: Սա պատերազմի առանցքային պահն է, և մենք այսօր պետք է ավելի շատ զենք տրամադրենք»։

Ուկրաինային իրենց զինանոցից տանկեր տալու պատրաստակամություն են հայտնել Լեհաստանն ու Ֆինլանդիան։ Այս հարցով լուրջ ճնշումներ են նաև Բեռլինի վրա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Դավոսի նույն համա-ողովում, խուսափել է պատասխանել ներկաների ուղիղ հարցին՝ արդյո՞ք Գերմանիան պատրաստ է տանկեր տրամադրել Ուկրաինային։ Փոխարենը նա մանրամասն պատմել է, թե Գերմանիան արդեն շատ ակտիվ օգնում է Ուկրաինային և օգնության հարցում զիջում է միայն Միացյալ Նահանգներին;

Արևմտյան առաջնորդները բազմիցս շեշտել են, թե Ուկրաինային պաշտպանական սպառազինություն են տալիս։ The New York Times-ը սակայն, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, այսօր գրել է, թե Վաշինգտոնում սկսել են խոստովանել, որ ամենայն հավանականությամբ հավելյալ զենք կպահանջվի 2014 ին բռնակցված Ղրիմի վրա հարձակվելու համար:

Կրմելում միանգամից արձագանքել են՝ շեշտելով, թե դա Ռուսաստանի տարածքն է, որին հարվածելու հնարավորություն ունեցող զենքի տրամադրումը Ուկրաինային վտանգավոր է։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, դա հակամարտությունը կհասցնի որակական նոր մակարդակի և լավ հետևանք չի ունենա համաեվրոպական անվտանգության համար։

Ի՞նչ տիպի, ի՞նչ քանակի նոր սպառազինություն տալ Ուկրաինային։ Արևմտյան երկրները սա կքննարկեն վաղը՝ Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը այդ հանդիպմման ընդառաջ սպառնացել է միջուկային պատերազմով։ Նախկին նախագահը Թելեգրամի իր ալիքում այսօր գրել է, թե վաղվա հանդիպումը մեկ նպատակ ունի՝ ծնկի բերել Ռուսաստանը, ինչի սակայն Արևմուտքին չի հաջողվի. - «Եվ դա անմիջապես Դավոսի ֆորումից հետո, որտեղ թերզարգացած քաղաքական գործիչները մանտրայի պես կրկնում էին. «Խաղաղության հասնելու համար Ռուսաստանը պետք է պարտվի»: Եվ այդ տկարներից որևէ մեկի մտքով չի անցնում սրանից հետևող տարրական եզրակացությունն անել՝ սովորական պատերազմում միջուկային պետության պարտությունը կարող է հրահրել միջուկային պատերազմ։ Միջուկային տերությունները չեն պարտվում խոշոր հակամարտություններում, որոնցից կախված է նրանց ճակատագիրը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG