Արցախում շրջափակման 37-րդ օրը դադարեցվել է գազամատակարարումը, հայտնում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից, ավելի ուշ հայտնեց նաև Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00-ի դրությամբ:
Դեկտեմբերի 13-ին երեկոյան ևս Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։ Արցախում գազամատակարարումը վերականգնվեց միայն երեք օր անց՝ դեկտեմբերի 16-ին:
Շրջափակման մեջ գտնվող Արցախում նաև հոսանքի խնդիր կա, հովհարային անջատումներ են: Անջատումների երկու ժամվա գրաֆիկը կրկնապատկվել է. Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում Հայաստանից սնունցվող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է, ադրբեջացիները թույլ չեն տալիս մոտենալ տարածքին, վերացնել վթարը, իսկ տեղական հոսանքը 24-ժամյա գրաֆիկի չի ձգում: