Ազգային պատմական ժառանգության պաշտպանության հիմնադրամը առաջարկ է ուղարկել Պետդումա՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» համար «օտարերկրյա գործակալների» ունեցվածքը հօգուտ պետության բռնագրավելու։
«Ռուսաստանի Դաշնության տարածքում և նրա սահմաններից դուրս կան լրատվամիջոցներ, ինչպես նաև օտարերկրյա գործակալի կարգավիճակ ունեցող քաղաքացիներ, ովքեր իրենց անձնական համոզմունքներով կամ օտարերկրյա հատուկ ծառայություններից ստացվող դրամական պարգևի համար իրենց թույլ են տալիս բացասական և սուտ խոսել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործողությունների մասին կամ բացահայտորեն կոչ անել ներքին անկարգությունների՝ քննադատելով մեր երկրի ղեկավարության կայացրած որոշումները, ինչը խախտում է ազգային անվտանգության և սոցիալական արդարության սկզբունքները»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ նոր փոփոխությունները «թույլ կտան այս կատեգորիայի քաղաքացիների գույքի բռնագրավումը և այն պետական եկամուտների վերածելը»:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էր հանդես եկել երկիրը լքած ռուսների և պատերազմն ու Ռուսաստանի կառավարությանը քննադատողների ունեցվածքը բռնագրավելու առաջարկով։ Նրա խոսքով՝ որոշ ռուսներ իրենց թույլ են տալիս վիրավորել Ռուսաստանին, նրա բնակիչներին, զինվորներին ու սպաներին և «բացահայտորեն աջակցել չարագործներին, նացիստներին ու մարդասպաններին»։
Վոլոդինը կարծում է, որ նման հայտարարությունները կարող են դիտվել որպես ծայրահեղականության, նացիզմի վերականգնման կամ ռուսական բանակի «վարկաբեկման» կոչեր։