Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքագետի, Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցը Հայաստան ունի քաղաքական աջակցության բովանդակություն


Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեի պաշտոնական այցը մեկնարկում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից՝ այսօր առավոտյան նա ծաղիկներ կխոնարհի անմար կրակի մոտ: Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ղեկավարը Հայաստանում է հայ պաշտոնակցի՝ Ալեն Սիմոնյանի հրավերով։

Այստեղ են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորներ։ Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության, այցի նպատակը Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին հավաստելն է՝ այս դժվար օրերին։

«Այցն, ըստ էության, ունի քաղաքական աջակցության բովանդակություն, ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում, ցուցադրում է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը շատ դժվար իրավիճակում շարունակում է աջակցել Հայաստանին և Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործին», - ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Քաղաքագետը չի կարծում, թե այս պաշտոնական այցի արդյունքում որևէ բովանդակային ձեռքբերում լինի։

Նոյեմբերի վերջին Ֆրանսիայի օրենսդիրները Հայաստանին աջակցող ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունեցին, որով կոչ էին անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ իսկ կառավարությանն առաջարկում դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:

«Բանաձևը ստեղծեց հնարավորություններ Հայաստանի համար՝ ինչպես զարգացնելու հայ-ֆրանսիական հարաբերությունները, որակապես նոր մակարդակի բարձրացնելու, այնպես էլ աշխատելու թե՛ ֆրանսիական, թե՛ եվրոպական այլ երկրների հետ՝ ռազմաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալու առումով: Այլ բան, որ հայկական կողմը այդ բանաձևից, ըստ էության, չօգտվեց», - ընդգծեց քաղաքագետը:

Արեգ Քոչինյանի խոսքով՝ առաջին քայլը անվտանգային ճարտարապետության փոփոխության ուղղությամբ աշխատանքը պիտի լիներ, քանի դեռ այդ ճարտարապետությունը չի փոխվում, Արևմուտքի հետ ցանկացած ռազմաքաղաքական համագործակցությունն ունի առաստաղ և այդ առաստաղը ՀԱՊԿ-ն է։ Ըստ քաղաքագետի՝ ֆրանսիական կողմի բանաձևը դեռ հնարավորություն է տալիս ընդհուպ մինչև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար։

Տիկին Բրոն-Պիվեն Հայաստանից կհեռանա շաբաթ օրը: Մինչև այդ հանդիպումներ կունենա վարչապետի, արտգործնախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ, Ալեն Սիմոնյանի հետ նաև համատեղ ասուլիս է նախատեսված, կայցելի Ֆրանսիական համալսարան ու Զինվորի տուն, կշփվի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG