Հայաստանի լավագույն երգչախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբը անվանի խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է այս տարի ևս երաժշտասեր հանրությանը ներկայացնել չափազանց ուշագրավ համերգային ծրագրեր։
«Տարին սկսվում է արդեն շատ ակտիվ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռոբերտ Մլքեյանը։ - «Ինձ թվում է, դրանից հետո միշտ պետք է անեմ էնպես, որ պակաս չունենանք որևէ ժանրի մեջ երաժշտական մեր ունկնդրին հրամցնելու։ Առաջին հերթին, իհարկե, պետք է սկսենք հայ կոմպոզիտորներից։ Մանավանդ էն կոմպոզիտորների մասին է խոսքը, որ հիմնականում հայ պոեզիայի հետ գործ ունեն»։
Այս տարի Հայաստանի պետական կամերային երգչախմբի առաջին համերգը տեղի կունենա հունվարի 27-ին՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգի ընթացքում հնչելու են բացառապես Մանսուրյանի՝ հայ պոեզիայի հիման վրա գրված ստեղծագործություները, որոնց թվում և բոլորովին նորերը. - «Հնչելու են համաշխարհային պրեմիերաներ՝ օրներգեր Մեսրոպ Մաշտոցի տեքստերով, օրկեստրի, սոլիստի, բարիտոր սոլոյի և երկու երգչախմբերի համար, ես պետք է ղեկավարեմ։ Եվ նույն օրը լինելու է համերգ հայ ժողովրդական հայրենների վրա գրված երաժշտությունը, որը համեստս ու երջանիկս նվեր եմ ստացել Տիգրան Մանսուրյանից, ինձ է նվիրել էդ գործերը՝ ժողովրդական տեքստերով գրված հայրենները, որը նույնպես լինելու է համաշխարհային պրեմիերա։ Ֆանտաստիկ գործեր են... ժողովրդական պոեզիան ուղղակի գերում է, տանում է տիեզերք, հետ չի բերում էնտեղից։ Դրանից հետո կլինի նաև նվագախումբը մեր՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Հայաստանի պետական կամերային երգչախումբ, Երևանի կամերային երգչախումբ, և անելու ենք Մաշտոցի այդ օրհներգերը, որոնք հանճարեղ ստեղծագործություններ են։ Դրա առաջին պրեմիերան եղել է Չեխիայում, բայց հայաստանյան պրեմիերա չի եղել։ Դրա համար էլ որոշեցի, որ նաև հայրենների հետ միասին թող Հայաստանում լինի էդ պրեմիերան»։
Ռոբերտ Մլքեյանը շեշտում էր, որ Տիգրան Մանսուրյանն իր ողջ կյանքը նվիրել է ոչ միայն երաժշտությանը, այլ նաև հայ պոեզիային, ինչը բացառիկ երևույթ է. - «Ամբողջ իր կյանքի, իր գործունեության հիմնական մասը, երբ որ դա վերաբերում է բառի արվեստին, իսկ Տիգրան Մանսուրյանը անընդհատ, ամբողջ կյանքը բառի հետ է եղել, լինի դա վոկալ շարքեր, լինեն խմբերգային շարքեր։ Ինձ համար պարզ է արդեն էնքան, որ չկա մի ստեղծագործություն Տիգրան Մանսուրյանի գրված խմբերգերի համար, որ ես արած չլինեմ։ Հայաստանի պետական կամերային երգչախումբը ամբողջ ժառանգությունը երգել է և շարունակում է ավելացնել իր երգացանկում այն, ինին ամսի 27-ին կլինի։ Եվ բոլոր ստեղծագործությունները մեր մեծագույն պոետների բառերով գրված գործերն են։ Էնտեղ է Չարենցը՝ հզոր, հիսուն րոպեանոց երգչախմբային կոնցերտով, էնտեղ է Ավետիք Իսահակյանի ամբողջ շարքերը, որոնք որ մենք երգել ենք մի քանի անգամ, էնտեղ են Կոստան Զարյանի գործերով գրված տեքստերը, էնտեղ է Թումանյանի գրած շարքերը... Այսինքն՝ որ սկսում ենք թվել, վերջ չկա Տիգրան Մանսուրյանի՝ պոեզիայի հետ կապված աշխատանքները»։
Ռոբերտ Մլքեյանի համոզմամբ, Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը այն եզակի կոմպոզիտորներից են, որ հայ պոեզիայի գոհարները վերածել են հրաշալի երգեցիկ ստեղծագործությունների թե' մենակատարների, թե' երգչախմբերի համար, ինչը շատ կարևոր էր հատկապես անկախության տարիներին, երբ հայ երաժշտարվեստը չափազանց հեռացավ հայ պոեզիայից և բեմահարթակները ողողվեցին անհասկանալի երաժշտությամբ և երգիչներով։
«Եվ հիմա մենք ուզում ենք փրկենք դա։ Ասենք, որ էլի ապրեք, էլի գործեք, ինչ ուզում եք արեք, դահլիճները լցրեք... էդ ես տեսնում եմ։ Բայց մեր լուրջ արվեստը թող կայանա ու շարունակի ապրել։ Ես դրա զինվորն եմ, լուրջ արվեստի զինվորն եմ, լուրջ պոեզիայի։ Լուրջ կոմպոզիտորներին, լուրջ հեղինակներին կատարելու... իմ միսիան դա է։ Ցավոք սրտի, ես կոմերցիոն միսիաներ չեմ կարող ունենալ կյանքում, էդպես էլ կգնամ էս կյանքից։ Բայց մեր լուրջը թող հաղթի», - զրույցը եզրափակեց Ռոբերտ Մլքեյանը։