Մատչելիության հղումներ

Արցախում հովհարային անջատումներ են. տունը հոսանքով ջեռուցող մարդիկ չցրտահարվելու տարբերակներ են փնտրում


Արդեն 31 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում բազմաթիվ խնդիրներին ավելացել է ևս մեկը. Ստեփանակերտում ու շրջաններում հովհարային անջատումներ են։ Տունը հոսանքով ջեռուցող արցախցիները երեկվանից ձմռան ցրտի պայմաններում ստիպված չցրտահարվելու տարբերակներ են փնտրում։

«Վերցնում ենք վերմակները և այդ երկու ժամը պառկում՝ էնքան, որ ցուրտ չլինի, արհեստականորեն մենք մեզ տաքացնում ենք, ուրիշ տարբերակ չկա, որովհետև մենք գազի տաքացուցիչներից չենք օգտվում, մերը էլեկտրականության հետ է կապված: Այո, մենք մեծ ենք, պառկեցինք, բա երեխաները ինչպե՞ս: Ցուրտ է», - ասաց Ստեփանակերտի բնակիչ Իրենա Հարությունյանը:

3 անչափահաս երեխաների մայր Անի Դավթյանն էլ ասում է՝ երբ հոսանք չեն ունենում գազօջախն են օգտագործում։ Երեխաներից ամենափոքրը ընդամենը ինը ամսական է. ձմռան ցրտին տունը ջեռուցելն անհրաժեշտություն է։

«Գազօջախն ենք վառում այդ երկու ժամվա ընթացքում, հետո, որ լույսերը տալիս են, անջատում ենք, ամեն ինչ նորմալ է, չեմ բողոքում», - նշեց Դավթյանը:

Արցախում, չնայած սննդի, հոսանքի խնդիրներին, փորձում են լավատես լինել ու շարունակել ապրել՝ դժվարությունների հետ միասին։

«Սենց եմ մտածում, որ կարևորը՝ մենք մեր տղերքի ազատագրած հողում ենք, ամենակարևորը էդ է, որ մեր տներում ենք ու որ պատերազմ չլինի, մինչև վերջ էլ կդիմադրենք, չենք թողնի», - նշեց Անի Դավթյանը:

Երեկվանից քաղաքացիներին տեղական հոսանք են մատակարարում։ Հայաստանից Արցախ եկող բարձրավոլտ միակ գիծը վթարվել է։ Վթարն, ըստ «Արցախէներգո»-ի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածով անցնող տարածքում է։

Ստեփանակերտից հայտնում են՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցում են ադրբեջանական կողմի հետ, սակայն՝ ապարդյուն։ Արցախի պետնախարարն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր. - «Երկրորդ օրն է՝ չեն թողնում գնանք, տեսնենք ինչ է եղել, վթարը էլեկտրաէներգիայի ցանցում և վերականգնենք էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանից»:

Արցախում էլեկտրականություն արտադրող ՀԷԿ-երի զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Դրա հետևանքով շեշտակի նվազել է էլեկտրաէներգիայի հզորությունը։ Ստեփանակերտի բնակիչ Իրենա Հարությունյանն ասում է՝ սա իրենց համար սպասելի զարգացում էր։ Երբ գազն անջատել էին ադրբեջանցիները, կառավարությունը պետք է մտածեր, որ մի օր էլ էլեկտրականությունն են անջատելու, ասում է 60-ամյա կինը։

«Մենք գիտեինք, որ լինելու է այս պահը, ինչո՞ւ մեր կառավարությունը, մեր իշխանությունները համապատասխան քայլեր չեն կատարում», - ասաց Հարությունյանը:

Շրջափակման պատճառով Արցախում օրեցօր սրվում է սննդի խնդիրը, դա է պատճառը, որ կառավարությունը որոշել է կտրոնային համակարգի անցնել։ Սկզբում կտրոնով կվաճառվեն մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը։ Խանութների մոտ քաղաքացիները ժամերով հերթերում են իրենց անհրաժեշտ մթերքը գնելու համար։ Ստեփանակետի բնակչուհին թերահավատ է, թե կտրոնային տարբերակն արդյունավետ կլինի։

«Նրանք, ովքեր մեկ տարեկան, յոթ ամսական փոքր երեխաներ ունեն, թոռներ ունեն, երեխաներ ունեն, նրանց համար սարսափելի վիճակ է: Չգիտեմ, էդ կտրոնային տարբերակը Խորհրդային միության ժամանակ էլ է եղել, կբավարարի՞ արդյոք էդ ընտանիքներին, ես մեծ կասկածներ ունեմ», - ընդգծեց նա:

Շրջափակման պայմաններում Արցախի կառավարությունում նաև նոր նշանակումներ կան. արդարադատության նախարար է նշանակվել Սրբուհի Արզումանյանը, քաղաքաշինության նախարար՝ Արամ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն էլ նոր նախարար ունի՝ Արմեն Մանգասարյանն է։

XS
SM
MD
LG