Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:
Նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սրվող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն, հայտնում է ԱԳՆ-ն:
Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը`ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը: