ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների տանը ստեղծված իրավիճակի մասին, որտեղ հանրապետականները չեն կարողանում խոսնակ ընտրել, ասել է, որ դա իր խնդիրը չէ:
«Ինչ վերաբերում է խոսնակի պաշտոնի համար պայքարին, կներեք, բայց դա իմ խնդիրը չէ: Պարզապես կարծում եմ՝ մի փոքր ամոթալի է, որ այսքան երկար է տևում, որ այսպես են գործում միմյանց հետ, իսկ մնացած աշխարհը նայում է, թե արդյոք մենք կարող ենք միասին լինել», - նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է Բայդենը:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը արդեն երկրորդ օրն է, ինչ չի կարողանում խոսնակ ընտրել: Հունվարի 3-ից աշխատանքը սկսած նոր Կոնգրեսում վեց անգամ քվեարկություն է անցկացվել, բայց մեծամասնություն կազմող հանրապետականների թեկնածու Քևին ՄըքՔարթին անհրաժեշտ քանակի ձայներ չի ստանում: Նման իրավիճակ ստեղծվել էր ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1923 թվականին, երբ խոսնակն ընտրվել էր քվեարկության իններորդ փուլի արդյունքում:
2023-ին Ներկայացուցիչների տունը դեռ խոսնակ չունի, ու քանի դեռ նա չի ընտրվել, կոնգրեսականներն այլ հարցերով չեն կարող զբաղվել, Ներկայացուցիչների տունը չի կարողանում սկսել աշխատանքը: Տան քարտուղար Շերիլ Ջոնսովը կոնգրեսականների առաջարկով չորեքշաբթի երեկոյան կրկին ընդմիջում հայտարարեց:
Ներկայացուցիչների տան խոսնակի ընտրությունը կշարունակվի հինգշաբթի՝ Վաշինգտոնի ժամանակով ցերեկը:
Քևին ՄըքՔարթիին չեն սատարում նրա կուսակցության երկու տասնյակ անդամներ, ավելի կոշտ գծի կողմնակից այդ խումբը նրա հետ հանդիպմանը պայմաններ է դրել: Նա չի համաձայնել, նրանք էլ ձայն չեն տալիս, և Քևին ՄըքՔարթին անհրաժեշտ 218 ձայնը չի ստանում, չնայած Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող հանրապետականները 222 մանդատ ունեն: Քևին ՄըքՔարթիին չօգնեց անգամ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը:
«Հանրապետականներ, մեծ հաղթանակը մի վերածեք ամոթալի պարտության: Ժամանակն է, որ Ներկայացուցիչների տան մեծ բոլոր հզոր հանրատական անդամները քվեարկեն Քևինի օգտին», - գրել է Թրամփը իր ստեղծած Truth Social սոցցանցում:
Արմատական հանրապետականները Թրամփին կոչ են արել այլ կերպ վարվել. «Նախագահը պետք է Քևին ՄըքՔարթիին ասի՝ սըր, Դուք ձայներ չունեք, և ժամանակն է ինքնաբացարկ հայտնել», - ասել է հանրապետական կոնգրեսական Լորեն Բոբերտը:
Հանրապետականների արմատական խումբը իրենց կողմից է թեկնածու առաջադրում, որոնք շատ քիչ ձայներ են ստանում, նրանց օգտին քվեարկում են միայն այդ խմբի երկու տասնյակ անդամները: Փոքրամասնություն կազմող դեմոկրատները ևս Ներկայացուցիչների տան խոսնակի թեկնածու են առաջադրում իրենց խմբակցության նոր ղեկավար, Նյու Յորքից ընտրված Հաքիմ Ջեֆրիսին և միահամառում պաշտպանում են նրան: Նա ստանում է այնքան ձայն, որքան մանդատ ունեն դեմոկրատները հիմա՝ 212:
Խնդիրը լուծելու տարբերակներ կան. եթե Քևին ՄըքՔարթին կարողանա 213 ձայն հավաքել, իսկ իր դեմ քվեարկողներին համոզել, որ պարզապես գրանցվեն, բայց չքվեարկեն, ապա պահանջվող շեմը կարող է իջեցվել: Հեռացող խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին և նախկին խոսնակ, հանրապետական Ջոն Բոները մարտավարական այդ հնարավորությունից օգտվել էին:
Մի տարբերակ էլ կա. եթե ընդդիմադիր դեմոկրատները օգնեն ՄըքՔարթիին, բայց այս դեպքում էլ նրանք պայմաններ կդնեն, սակայն Ներկայացուցիչների տան խոսնակի ընտրության հարցում հանրապետականների և դոմոկրատների համագործակցության նշաններ այս պահին չեն երևում, դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսն ասել է, որ հանրապետականները չեն դիմել՝ քննարկելու նման տարբերակ: