«Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս ամիս», - թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով դեկտեմբերի 31-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ես առաջարկեցի, որ մենք նախ մանրակրկիտ կերպով պատրաստվենք բանակցություններին և նոր հանդիպենք։ Լավրովն իր հերթին առաջարկեց եռակողմ հանդիպումը կազմակերպել հունվարի երկրորդ կեսին», - նշել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ հանդիպման անցկացման վայրը առայժմ հստակեցված չէ։
«Բանակցությունները կարող են կայանալ Մոսկվայում կամ որևէ երրորդ երկրում։ Որոշ տարբերակներ արդեն իսկ քննարկվում են», - նշել է Չավուշօղլուն։
Նախորդ շաբաթ Մոսկվայում կայացել էին Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների բանակցությունները։ Դրանք Անկարայի և Դամասկոսի առաջին ուղղակի շփումներն էին 2011 թվականից ի վեր։