Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։

«Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա», - ասել է Ալիևը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում խաղաղության մասին խոսել էր՝ ասելով. «Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրա և ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրա աչք չդնի և այս բանաձևով պատրաստ ենք գնալ խաղաղության»:

Իսկ նախորդ կառավարության նիստին հայտարարել էր, որ բոլոր նախանշանները կան՝ պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Միաժամանակ վերահաստատել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը:

Իր ելույթում Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» միանշանակ բաց է լինելու՝ անկախ նրանից «Հայաստանը դա կուզի, թե ոչ»։

Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ միջանցք տրամադրել Ադրբեջանին:

XS
SM
MD
LG