Հայաստանը գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար, եթե Սահմանադրական դատարանն առարկություններ չունենա։
«Անհրաժեշտ է այդ միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով ևս մեկ անգամ դիմել Սահմանադրական դատարան՝ 2018 թվականի խմբագրությամբ նոր Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու հարցով», - հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
2004-ի օգոստոսին Հայաստանի Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։ Հիմա, սակայն, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով, հնարավոր է դատարանն առարկություն չունենա, քանի որ 1995-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է։
«Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյո՞ք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել», - ընդգծեց Մինասյանը:
Միջազգային քրեական դատարան քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։
Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի դեմ, կատարել պատերազմական հանցագործություններ, ասված է հիմնավորման տեքստում։
«Այդ ագրեսիայի հետևանքները դեռ շարունակում են առկա մնալ, քանի որ մինչև օրս Ադրբեջանի զինված ուժերը դեռ տեղակայված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում, քաղաքացիական բնակավայրերին հարող տարածքներին», - ասաց արդարադատության նախարարը:
Հարավային Կովկասում դատարանի կանոնադրությունը հաստատել է միայն Վրաստանը, աշխարհում այն վավերացված է 123 պետության կողմից։ Եթե Սահմանադրական դատարանը հակասություն չտեսնի, և Հայաստանի խորհրդարանը վավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, ապա դատարանը կարող է քննել Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, եթե անգամ Բաքուն չի վավերացրել նույն փաստաթուղթը։
«Եթե մենք վավերացնում ենք, ապա կանոնադրությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, դա հստակ է, քաղաքացիությունը կապ չունի», - մեկնաբանեց միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հենց Կիրակոսյանն էլ լինելու է Սահմանադրական դատարանում գործադիրի ներկայացուցիչը, երբ այնտեղ սկսեն քննել կառավարության արդեն ուղարկած դիմումը ՍԴ՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վերաբերյալ։