Մատչելիության հղումներ

Հանրահավաք՝ Արցախի Վերածննդի հրապարակում


Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ընթանում է համաժողովրդական հանրահավաք: Արդեն երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող արցախցիները պահանջում են, որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները բացեն Արցախի «կյանքի ճանապարհը»:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը առավոտյան ուղիղ եթերում դիմեց Արցախի բնակիչներին հորդորով՝ մասնակցել այս հանրահավաքին:

Այնուհետև հանրահավաքի ժամանակ իր ելույթում նա հայտարարեց՝ այս իրավիճակում երեք ճանապարհ կա:

«Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի երկուսին՝ ես այստեղ եմ և պայքարում եմ, ու ես էստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - ասաց Ռուբեն Վարդանյանը:

«Մենք պետք է ընդդիմանանք, դեմ տանք մեր ուժն իրենց դիմաց», - ասաց նա՝ հավելելով. «Արցախը արմատն է ոչ թե միայն մեզ համար, այլև ընդհանուր հայկական աշխարհի, նաև աշխարհի, մենք եղել ենք ու կանք օրինակ ամբողջ վերածննդի», - նշեց նախարարը:

Միաժամանակ նա շեշտեց՝ հրաշքի սպասել պետք չէ, որովհետև հրաշք չի լինելու. «Դժվար է լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ մեր կյանքը իմաստը մեր հողի վրա ապրելն է, ես վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»:

Մի քանի տասնյակ արցախցիներ միջանցքը բացելու պահանջով նախօրեին շարժվել էին դեպի ճանապարհի արգելափակված հատված։ Ադրբեջանցի ցուցարարներից ոչ հեռու գտնվող ռուսական անցակետի մոտ արցախցիները խաղաղապահներից պահանջել էին կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։ Ըստ արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանի՝ իրենց ռուս գնդապետներից մեկը խոստացել է, որ դեկտեմբերի 26-ին ճանապարհը բացվելու է։

XS
SM
MD
LG