Մատչելիության հղումներ

Որտե՞ղ են միջազգային փորձագետները, թող գան. Արցախի բնապահպանական կոմիտեի փոխնախագահը սպասում է


Որտե՞ղ են միջազգային փորձագետները, թող գան, սպասում է Արցախի բնապահպանական կոմիտեի փոխնախագահը։ Կոմիտեն այդ հրավերն ուղղել էր մինչև Լաչինի միջանցքի փակումը, այն օրը, երբ ադրբեջանցիները Մարտակերտի շրջան՝ Կաշենի հանքավայրի մոտ էին հասել:

«Մենք առաջարկել ենք, որ եթե մեր «հարևանները» փորձում են ինչ-որ բնապահպան ներկայանալ, առաջարկել ենք, որ խնդրեն, թող միջազգային դիտորդներ գան, կամ միջազգային փորձագետներ գան և դիտարկումներ կատարեն, բայց ոչ ոք չի եկել, ոչ ոք էլ չի արձագանքել, անգամ այդ թվում՝ իրենք», - ասաց Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վահրամ Հայրապետյանը:

Նրա եզրակացությունը մեկն է. «Իրենց նպատակներն այլ է, ի՞նչ բնապահպանություն է»:


Օրեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարեց, թե համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելությունների չափանիշները։ Եթե արդեն այցի չափանիշներին են հասել, արդյո՞ք սա նշանակում է, որ Կաշենի հանքավայրը բացվում է ադրբեջանցիների առջև: Բնապահպանության կոմիտեի փոխնախագահն ասում է՝ իրենք որևէ բանակցությունների չեն մասնակցում, գիտի այն, որ հանքեր մտնելու նոր փորձ չի եղել, մոնիտորինգ իրենք են անում պարբերաբար:

«Դիտակետը տեղակայված է եղել և Կաշենի, և Դրմբոնի հանքավայրերում, հանքավայրերի մոտիկ տարածքներում անմիջապես, որտեղ պարբերաբար իրականացվել է օդի և ջրի մոնիտորինգը», - ասաց նա:

Մակերևութային ջրերը ստուգվում են շուրջ 64 չափորոշիչներով, որևէ խախտում չի գրանցվել: Հայրապետյանը շեշտում է՝ այս ամենը հարևանների այսպես ասած՝ «անհանգստությունը» փարատելու համար չի արվում. «Այստեղ ապրողը մենք ենք, և մենք դա իրականացնում ենք մեր իսկ անվտանգության, մեր իսկ երեխաների անվտանգության համար»:


Արցախցի պաշտոնյան ինքը դիտարկումներ ունի ադրբեջանցի բնապահպանների համար՝ ֆոսֆորային զենք պատերազմի ժամանակ, լայնածավալ ճանապարհաշինություն, թունելներ անտառների հաշվին ու Քարին տակի Գիհիների անտառում հանքարդյունաբերություն:

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը չի հիշում, որ միջազգային բնապահպանական որևէ հարթակում ադրբեջանցիները տագնապներ հնչեցրած լինեն հանքարդյունահանման հետևանքների մասին:

«Ջրի խնդիրները միշտ բարձրաձայնում են զուտ քաղաքական առումով: Այ Հայաստանն ինքն աղտոտում է, ինքը պետք է պատասխանատվություն կրի և այլն: Հանքերի խնդիրներին ընդհանրապես նրանք չեն անդրադառնում, առաջին անգամ մենք լսել ենք հանքերի խնդիրների մասին հենց հիմա», - ասաց նա:

Ինգա Զարաֆյանն ասում է՝ Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության ու հաշվետվողականության միջազգային նախաձեռնությունում անդամ է, լավ համբավ ունեցող, իսկ Ադրբեջանի անդամությունը կասեցվեց 5 տարի առաջ՝ հենց այդ երկրում ճնշումների ենթարկված ակտիվիստների ջանքերով:

«Բնապահպանությունն Ադբեջանում կեղծ օրակարգ է,-ասում է Ինգա Զարաֆյանը, - սա զուտ քաղաքական խնդիր է, և զուտ իրոք ես կարծում եմ՝ դա հանքի շահագործման և ընդերքի հարստության ձեռքբերման խնդիր է»:

Պատերազմից հետո, հիշեցնում է, Սոթքի հանքավայրի մի մասը ադրբեջանցիները վերցրին, հետո դիրքավորվեցին Զանգեզուր կենսոլորտային համալիրի մի շարք արգելավայրերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG