Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Շվեդիան չի կատարում ստաձնած պարտավորությունները»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ Շվեդիան չի կատարել ստանձնած պարտավորությունները և, մասնավորապես, Անկարային չի արտահանձնել ահաբեկչության հետ առնչություն ունեցող անձանց ու չի սառեցրել նրանց բանկային հաշվեհամարները:

Շվեդիան շարունակում է համոզել Թուրքիային հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու նախաձեռնությանը:

Չավուշօղլուն իր դժգոհությունն է հայտնել Անկարայում՝ Շվեդիայից ժամանած պաշտոնակից Տոբիաս Բիլստրոմի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք ողջունում ենք Շվեդիայի կատարած որոշ քայլեր, չենք կարող դրանք անտեսել, բայց հարկ է ավելին անել, շատ կարևոր քայլեր պետք է արվեն»,- ասել է Չավուշօղլուն:

«Իմ ուղերձը նախարար Չավուշօղլուին և Թուրքիայի ժողովրդին հստակ է՝ Շվեդիան կատարում է ստանձնած պարտավորությունները: Մենք լուրջ ենք վերաբերվում դրանց: Մենք միջոցներ ենք ձեռնարկել համաձայնության բոլոր կետերով և կշարունակենք դա անել»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը:

Նա նշել է, որ Շվեդիայում դատարաններն անկախ են: Այս շաբաթ ավելի վաղ Շվեդիան մերժել է Բյուլենթ Քենեշին Անկարային արտահանձնելու հայտը:

Քենեշը «Զաման» պարբերականի նախկին գլխավոր խմբագիրն է: Անկարան պնդում է, թե նա կապ ունի ԱՄՆ-ում ապաստանած մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետ, ով համարվում է Թուրքիայում 2016 թվականի ձախողված պետական հեղաշրջման կազմակերպիչներից և գաղափարախոսներից մեկը:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Շվեդիան և Ֆինլանդիան հայտնել են ՆԱՏՕ-ին միանալու մտադրության մասին:

Թուրքիան այդ երկու երկրներից պահանջել է արտահանձնել քրդական զինված խմբերի հետ կապեր ունենալու համար կասկածվող անձանց, ինչպես նաև «գյուլենական» համարվողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG