Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը չի կատարում Լաչինի միջանցքում հսկողություն սահմանելու պարտավորությունը:
«Ես կարող եմ հակառակը պնդել՝ ռուսաստանցի խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը: Նրանց, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնեմ, որ նախկինում էլ սրացումներ բազմիցս են եղել: Եվ կողմերը մեկմեկու են մեղադրել: Հենց ռուսաստանցի խաղաղապահներն են ամեն ինչ արել իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց մոտ ստացվում էր: Ուստի, նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում»,- ասել է Զախարովան:
Ճեպազրույցում ավելի ուշ ևս մեկ անգամ խոսելով Լաչինի միջանցքի մասին, Զախարովան ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և այն արտահայտվել է նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
«Լաչինի միջանցքի բլոկադան պետք է դադարեցնել: Անհրաժեշտ է կարգավորել նաև տարաձայնությունները շրջանում հանքերի շահագործման վերաբերյալ», - ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում են քայլեր անել իրավիճակը կայունացնելու ուղությամբ:
«Նրանց շնորհիվ վերականգնվել է գազի մատակարարումը, վերականգնվել է մարդասիրական նշանակության տրանսպորտի երթևեկությունը, ներառյալ՝ շտապօգնության մեքենաները, մենք հուսով ենք, որ իրավիճակը մոտ ապագայում կլուծվի», - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի փոոխանցմամբ՝ Մոսկվան կողմերին կոչ է անում խստորեն կատարել ստանձնած պարտավորությունները, որոնք ամրագրված են երկրների լիդերների հայտարարություններում:
«Դրանք ենթադրում են ռուսական խաղաղապահ զորախմբի հսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ», - ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը նաև խոստացել է լրացուցիչ ուսումնասիրել և հետագայում պարզաբանումներ տալ ԱԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Եվստիգնեևայի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի «համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելությունների չափանիշները»:
Զախարովան նշել է, որ դա զուտ փորձագիտական թեմա է, և նախքան որևէ մեկնաբանություն անելն ինքը պետք լրացուցիչ դրանք վերլուծի: