Մատչելիության հղումներ

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի եզրափակում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացումը


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադիրների՝ փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի և փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովվհաննիսյանի նախաձեռնությամբ եզրափակում է 2022 թվականը շատ հետաքրքիր «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացմամբ, որը երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում նախ մատուցվեց մայրաքաղաքի երաժշտասերներին՝ արժանանալով շատ ջերմ ընդունելության, իսկ այսօր երեկոյան կներկայացվի նաև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։

Արդեն իսկ խորագրից հասկանալի է, որ համերգ-ներկայացման ընթացքում հնչում են ազնավուրյան երգերը։ Այս համերգ- ներկայացումը բեմադրել է ֆրանսիացի անվանի պրոդյուսեր Ժիլ Մարսալան։ Երաժշտական աշխարհում նա հայտնի է նաև Էդիտ Պիաֆին, Փարիզին նվիրված մի շարք նմանօրինակ հանրահայտ համերգ-ներկայացումներով։

Երեկ երեկոյան համերգից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա շեշտում էր, որ նախ սկսել է աշխատել Էդիտ Պիաֆին նվիրված համերգ-ներկայացման վրա, իսկ հետո՝ տեսնելով, թե այն ինչ մեծ ընդունելության է արժանացել ողջ աշխարհում, ձեռնամուխ է եղել նաև «Շառլ Ազնավուրի կյանքն ու ստեղծագործությունը նրա իսկ երգերով» համերգ-ներկայացում կազմակերպելուն։

Ժիլ Մարսալան պատմեց նաև, որ դեռ 2017-ին անձամբ է հանդիպել Ազնավուրին և ներկայացրել իր ծրագիրը։ Աշխարհահռչակ երգիչն իր համաձայնությունն է տվել այս նախաձեռնության իրականացմանը, բայց, ցավոք, ասում էր Ժիլ Մարսալան, Ազնավուրը չհասցրեց տեսնել այս համերգ- ներկայացումը։

Ազնավուրին նվիրված այս յուրօրինակ համերգ-ներկայացման մեջ ազնավուրյան երգերի հրաշալի կատարմամբ հանդես է գալիս ֆրանսիացի երիտասարդ տաղանդաշատ երգիչ Ժյուլ Գրիսոնը։ Նա իր արտիստիկ խառնվածքով և կատարումներով անմիջապես գրավում է հանդիսատեսի համակրանքը՝ փորձելով մարմնավորել Ազնավուրի կերպարը նրա կյանքի տարբեր տարիներին։

Ժյուլ Գրիսոնը երեկ համերգից առաջ շեշտում էր, որ իր համար մեծ պատիվ է և պատասխանատվություն ներկայացնել աշխարհռչակ Ազնավուրին Հայաստանում և այն բեմում, որտեղ Ազնավուրը երգել է իր հայրենակիցների համար։ Ասաց նաև, որ շատ է ցավում, որ չհացրեցին անձամբ Ազնավուրին ներկայացնել այս նախագիծը։ Հավելեց, որ այս ներկայացումը շրջելու է ողջ աշխարհում, որպեսզի ամենուրեք հնչի թե' Ազնավուրի անունը և թե' նրա երգը՝ հիշեցնելով, որ Ազնավուրը ավելի քան1300 երգ է գրել։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հավելում է. - «Ազնավուրի շոուի վերաբերյալ սիրով կասեմ, որ մենք պլանավորել էինք հոկտեմբերին, ամսի 2-ին, որը որ նվիրված կլիներ մաեստրոյի մահվան տարելիցին, բայց գիտեք, որ բոլոր համերգները տեղափոխվեցին։ Եվ մենք մտածում էինք արդյո՞ք դա լինի ընդհանրապես այս տարի, որովհետև դեռ անորոշ էր։ Հետո առիթ եղավ քննարկելու Ազնավուրի հիմնադրամի և իր ընտանիքի անդամների հետ, և պարզվեց, որ իրենք էլ բազում տարիներ երազել են, որ Ժիլ Մարսալայի այս ներկայացումը գա Հայաստան։ Եվ մենք առավել ևս ոգևորված էինք, որպեսզի տեղի ունենա դա Երևանում և չհետաձգենք անորոշ ժամկետով։ Ես այս երկու օրը շփվելով ավելի շատ բան իմացա։ Պարզվեց, որ պրոդյուսերը, որ «Պիաֆ» ներկայացումը արել է, հիսուն երկրում ռեկորդային մեկ միլիոնից ավել տոմսեր է վաճառել։ Եվ Ազնավուրի անձնական ընկերն է եղել, և Ազնավուրի հետ է քննարկել այս ներկայացման ամբողջ կառուցվածքը։ Եվ կարծում եմ, որ մեծ նվեր է երաժշտասեր հանրությանը, առավել ևս մեծ նվեր է Գյումրիի համար։ Ներկայացումն իրականում տեխնիկապես շատ բարդ էր, որովհետև Գյումրիի թատրոնը չունի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը, և մենք ամբողջությամբ տանում ենք Երևանից։ Մարտահրավերի պես մի բան էր մեզ համար, որովհետև դասական երաժշտության համերգը ավելի հեշտ է այնտեղ տանել, քան էստրադային հնչողությամբ։ Բայց արդեն խոստացել ենք և անում ենք։ Իրականում Շարլ Ազնավուրը Գյումրիի հետ շատ կապված է, և կարծում եմ, որ հավուր պատշաճի նվեր է դա մեր սիրելի քաղաքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG